Արտակարգ դրության պայմաններում սկսված՝ պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունը սննդի շղթայի կազմակերպություններում օր օրի դառնում է առավել թիրախային. քաղաքացիների ահազանգերի հետքերով ՍԱՏՄ տեսուչները հայտնաբերում են նաև սահմանված պահանջները հստակ գիտակցող, սակայն, այնուամենայնիվ, խախտում կատարելուց չխուսափող կազմակերպություններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։
Հիշեցնենք, որ ընտանեկան արարողությունները և ժամանցային բնույթի միջոցառումները կարող են կազմակերպվել և անցկացվել թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի, քան 40 մասնակցով՝ պահպանելով պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնները:
ՍԱՏՄ մասնագետներն այսօր նաև ստուգայցեր են իրականացրել հանրապետության ողջ տարածքում: Տնտեսավարողներն, ընդհանուր առմամբ, շարունակում են օրինակելի գործելաոճը:
ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ անվտանգության կանոններից ամենաչնչին շեղումն իսկ մեծացնում է կորոնավիրուսով վարակվելու ռիսկերը, ուստի վերահսկող մարմինն ամենայն աչալրջությամբ շարունակելու է ստուգայցերն ու կրկնայցերը, իսկ թերացող տնտեսավարողների համար անխուսափելի կլինի վարչական պատասխանատվությունը: