CEOWORLD պարբերականը կազմել է ամենամյա վարկանիշային աղյուսակ, որում ներկայացնում է աշխարհի ամենաերջանիկ պետություններին:
Մասնագետները գնահատել են ավելի քան 155 պետության՝ ըստ որոշակի սահմանված չափորոշիչների, որոնց թվում են եկամտի միջին մակարդակը, աղքատությունը, առողջության ընդհանուր ցուցանիշները, կյանքի միջին տևողությունը, մասնագիտական հնարավորությունները, պետության և հասարակության կապն ու փոխաջակցությունը, անվտանգության մակարդակը և այլն:
Վարկանիշային աղյուսակը հիմնվել է նաև հարցման արդյունքների վրա, որին մասնակցել են տարբեր պետությունների շուրջ 6,500 բնակիչներ, որոնք էլ գնահատել են վերջին երկու ամսվա ընթացքում իրենց կյանքի որակը:
Այսպես, պարզ է դարձել, որ այս տարի ցանկում առաջատար է հանդիսանում Շվեյցարիան: Երկրորդ հորիզոնականում Ֆինլանդիան է, երրորդում՝ Իսլանդիան: Առաջին հնգյակում են հայտնվել նաև Նիդերլանդներն ու Կանադան: Այս հինգ պետւթյունների բնակիչները համարվում են ամենաերջանիկն ու անհոգն աշխարհում:
Առաջին տասնյակում են հայտնվել նաև Նորվեգիան, Դանիան, Իռլանդիան, Գերմանիան և Բելգիան: Իսկ այնպիսի պետություններ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Նոր Զելանդիան, Շվեդիան, Ավստրալիան, Իսրայելը, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Չեխիան և Մալթան, հայտնվել են վարկանիշային աղյուսակի երկրորդ տասնյակում:
Ցանկի վերջին 5 հորիզոնականներում են գտնվում Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Սուդանը, Տանզանիան, Եմենը, իսկ ամենատխուր բնակիչներն ապրում են աֆրիկյան պետություն Բուրունդիում:
Հայաստանի Հանրապետությունը աշխարհի ամենաերջանիկ պետությունների շարքում 155-ից 127-րդ հորիզոնականում է հայտնվել:



