ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կարծիքով տավուշյան հայտնի իրադարձությունների պատճառը ՀՀ զինված ուժերի կողմից հին հսկիչ անցագրային կետի վերակենդանացումն է եղել, որը հանգեցրել է Ադրբեջանի ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆԸ, որին ի պատասխան, հայկական կողմը չարդարացված արձագանք է տվել:
Ինձ հայտնի չէ, թե կոնկրետ ի՞նչ կամ ու՞մ տեղեկատվության վրա է ՌԴ արտաքին գործերի նախարարի մոտ ձևավորվել այսպիսի կարծիք, բայց, հաշվի առնելով Ռուսաստանի աշխարհաքաղաքական հետաքրքրություններն ու դերակատարությունը, նրա ազդեցությունը տարածաշրջանում, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահ լինելու հանգամանքը, ակնհայտ է, որ այսպիսի դիրքորշմամբ, ըստ էության, ռուսական կողմը տավուշյան իրադարձությունների ընթացքում Հայաստանի գործողությունները գնահատում է որպես ՉԱՐԴԱՐԱՑՎԱԾ արձագանք:
Դիվանագիտական լեզվից դուրս՝ սա նշանակում է, որ հայերը չափն անցել են ու, փաստորեն, ՛՛Անհանգստացրել՛՛ Ադրբեջանին:
ՌԴ իրավունքն է մտածել ու գործել այնպես, ինչպես թելադրում է իրենց աշխարհաքաղաքական շահերը:
Ինձ ամենից շատ հետաքրքրում է, թե այս ամենի մասին ի՞նչ է մտածում Հայաստանը և ի՞նչ քայլեր է ձեռնարկել իր գործընկերների ու դաշնակիցների մոտ իր գործողությունների նկատմամբ հնարավորինս օբյեկտիվ պատկեր ձևավորելու համար:
Այլ կերպ ասած, թե ի՞նչ արդյունքներ է գրանցել Զոհրապ Մնացականյանը, գուցե պատեհ առիթի կհայտնի ինքը, բայց Նիկոլ Փաշինյանի շփումները Ռուաստանի իր գործընկերների հետ, առավել քան խոսուն են:
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը վերջին անգամ միմյանց հանդիպել են 2019թ. դեկտեմբերի 20-ին, Սանկտ Պետերբուրգում՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստի շրջանակներում:
Իսկ 2020թ. նրանց միջև տեղի է ունեցել ընդամենը 2 հեռախոսազրույց՝ ս.թ. ապրիլի 6-ին և հունիսի 1-ին:
Ընդորում՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, քաղաքակիրթ կերպով մերժեց Վլադիմիր Պուտինին և հրաժարվեց մեկնել Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի զորահանդեսին
Իսկ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ս.թ. հուլիսի 17-ին հանդիպել է Մինսկում:
Եկեք համաձայնվենք, որ այս վիճակագրությունը չի խոսում ռազմավարական դաշնակցի կարգավիճակ ունեցող պետությունների հարաբերություններին բնորոշ հարաբերությունների մասին:
Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ բան այն չէ:
Եվ եթե սրան հավելենք այն, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միակ ղեկավարն է, որը պաշտոնական ու պետական այցով չի գտնվել կամ հրավիրվել Մոսկվա, պատկերն ակնհայտ է դառնում:
Իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայ-ռուսական հարաբերությունները նախկինում երբեք այնքան բարձր մակարդակի չեն եղել, որքան այսօր:
Հ.Գ. Ինքնիշխանության մասին անդադար գոչելը դա բոլորի հետ հարաբերությունները վատթարացնել չէ: Այն արժանապատիվ, փոխադարձ հարգանքի հիման վրա կառուցվող միջպետական հարաբերություններ են՝ հիմնված պետական ու ազգային շահերի վրա: