Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանը նշեց, որ անվտանգային գործոններից մեկը Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունն է մեր տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում, ինչն էլ արձանագրված է հուլիսին ընդունված Ազգային անվտանգության ռազմավարության մեջ:

Իհարկե ողջունելի է, որ վերջապես մեր իշխանությունները որոշեցին Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության դեմ քննարկումներ անցկացնել և հակազդող քայլեր ձեռնարկել:

Սակայն խնդիրն այստեղ կապված է Ազգային անվտանգության նոր ռազմավարության հետ, որին հղվում է վարչապետը և գոհունակություն հայտնում, որ նրանում արձանագրված է Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունը: Իրականությունն այն է, որ տվյալ փաստաթուղթը չի արտացոլում Հայաստանի և Արցախի նկատմամբ Թուրքիայի վարած վտանգավոր քաղաքականությունը: Այն մեղմ ձևակերպումները, որոնք տեղ են գտել Ազգային անվտանգության ռազմավարություն կոչվող փաստաթղթում, իրականում անհասկանալի են Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության համատեքստում:

Ներկայումս աշխարհաքաղաքական նոր վերադասավորումներով պայմանավորված Թուրքիան առավել քան երբևէ սպառնալիք է դարձել մեր անվտանգության նկատմամբ, սակայն տվյալ փաստաթղթում անհասկանալի կերպով պարզապես նշվում է, որ Հայաստանի հանդեպ Թուրքիան վարում է «ոչ բարիդրացիական քաղաքականություն»… Այն դեպքում, երբ տվյալ երկիրը մեզ սպառնում է պատերազմով, «ոչ բարիդրացիական քաղաքականություն» արտահայտությունն օգտագործելը թերևս մնում է անհասկանալի:

Ավելին, Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների նախաձեռնման դեպքում Թուրքիայի քողարկված կամ բացահայտ միջամտության պատրաստակամությունն էլ փաստաթղթում դիտարկվում է պարզապես որպես «խնդրահարույց» հանգամանք…

Հուսանք, որ գոնե մեկնարկելիք քննարկումների ժամանակ իշխանություններն ադեկվատ կգտնվեն և ճիշտ կգնահատեն տիրող իրավիճակը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել