Pastinfo.am-ը գրում է․

Մաշտոցի պուրակում խնդրահարույց սրճարանի կառուցման թույլտվության համաձայնությունը, տրվել է նոր իշխանությունների օրոք՝  ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանի անմիջական լիազորությամբ։ 

Այսպես՝ Օգոստոսի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում  քաղաքապետը հերքել էր նորակառույց սրճարանի հետ իր մասնակցության փաստը՝ նշելով, թե  «Տաղավարները, որ պետք է կառուցվեին այն ժամանակ, հանրային ճնշմամբ, ուղղակի չթողեցին, որ պարոն Մարգարյանը թույլ տա՝ այդ ամեն ինչը կառուցվի և ունեցանք Մաշտոցի պուրակը, բայց կա մի սրճարան, որ այնտեղ միշտ կար, որն ուներ 277 ք/մ որպես սեփականության իրավունք գրանցված կադաստրով, այսինքն` դա անձեռնմխելի է և 17 ք/մ որպես սեփականություն, կադաստրում էլի գրանցված սեփականություն։ Դա իր սեփականությունն է ընդմիշտ, և մենք ոչ մի բան չենք կարող անել։ Նա հավելել էր նաև, որ բացի դրանից 2018 թվականի մայիսի 16-ին Տարոն Մարգարյանի կողմից ստորագրվում է մի որոշում, որով մինչ այդ 386 ք/մ վարձակալությունը դառնում է 1048 ք/մ վարձակալություն. «Այդ վարձակալությունը ֆիքսում է իր 277 ք/մ սեփականությունը, այդ վարձակալության հողի մեջ ֆիքսում է 17ք/մ իր սեփականությունը արդեն որպես սեփական գույք և այդ վարձակալությունը մինչև 2040 թվականի դեկտեմբեր։ Երբ լինում է հեղափոխությունը և գալիս է մեր քաղաքային իշխանությունը, արդեն սկսում ենք աշխատել, քիչ-քիչ բաները դուրս է գալիս»։

Հարցի առնչությամբ «Փաստինֆո» գործակալությունը հարցում էր ուղարկել քաղաքապետին՝ պարզելու համար,  որ ընկերությունն է կառուցապատում իրականացնում Մաշտոցի պուրակի տարածքում,  ե՞րբ է կնքվել պայմանագիրը, որքա՞ն տարածք է  տրվել վարձակալության, քանի՞ տարի ժամկետով և ի՞նչ կառուցելու համար, կառուցապատման պայմանագրի օրինականությունն ուսումնասիրվել է, թե ոչ  եւ արդյոք կասկածահարույց հանգամանքներ ի հայտ չեն եկել դատական կարգով վիճարկելու համար։

Ի պատասխան մեր հարցմանը՝ քաղաքապետարանը «Փաստինֆո»-ին է  տրամադրել է կառուցապատման պայմանագրի պատճենը, որը վկայում է, որ նոր պայմանագիրը կնքվել է 2019 թվականի դեկտեմբերի  11-ին՝ ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանի անմիջական ղեկավարությամբ։  Որպես պայմանագրով կառուցապատման իրավունք ունեցող անձ է  հանդիսանում  «Դավիթ – Վանուշ» ՍՊԸ-ն՝ ի դեմս տնօրեն Հրանտ Հովսեփյանի։ Սույն պայմանագրով սեփականատերը պարտավորվում է վճարի դիմաց կառուցապատման իրավունք ունեցող անձին հողամաս տրամադրել՝ Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայի հ.20/7 և  20/8 հասցեներում։ Տրամադրվող հողամասի մակերեսը կազմում է ընդհանուր 392.0 քմ.՝ 21 տարի ժամկետով։ Կառուցապատման իրավունքի  ժամկետը սահմանվում է մինչև 2040 թվականի դեկտեմբերի 31-ը։

Մինչ վերոհիշյալ պայմանագրի կնքումը, պարզվում է  քաղաքապետ Հայկ Մարությանի մակագրությամբ 2019 թվականի հուլիսի  22-ին  ուժը կորցրած է ճանաչվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ընդունված՝ 2018  թվականի մայիսի 16-ի  հ.1891-Ա և  2018 թվականի հունիսի 6-ի հ.2127-Ա որոշումները՝ Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցման հարևանությամբ «Դավիթ – Վանուշ» ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով տրամադրված հողամասի սահմանները վերաճշտելու, «Կենտրոն – Կանաչապատում» ՓԲԸ-ի կառուցապատման իրավունքը դադարեցնելու  և «Դավիթ – Վանուշ» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին որոշումները։

Նշենք, որ  «Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ին առաջին հողահատկացումը կատարվել է դեռեւս 19 տարի առաջ՝ 2001 թ, 36 քմ, 5 տարի ժամկետով, ապա 2002-ին տարածքն ընդլայնվել է` հասնելով 350 քմ-ի, իսկ ժամկետը երկարաձգվել է մինչև 25 տարի ժամկետով): Այս ընկերությանը 2006-ին տրվել է շինարարության թույլտվություն, ապա 2011-ին, արդեն քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք` դեկտեմբերի 15-ին «Կենտրոն Կանաչապատում» ընկերությանը տրվել է ոչ հիմնական շինությունների տեղադրման թույլտվություն:

Երեւանի ներկայիս  քաղաքապետ Հայկ Մարությանը խուսափել էր պատասխանել հարցին, թե արդյոք ի սկզբանե ստորագրված պայմանագիրը եղել է օրինական ու  դատական կարգով այն վիճարկելու համար հիմքեր կան, թե ոչ։ Հարցին պատասխանելու փոխարեն քաղաքապետարանն ուղարկել է արդեն Հայկ Մարությանի օրոք ստորագրված նոր պայմանագիրը՝ այդպիսով փաստացի ստանձնելով կառուցապատման, այդ թվում նաեւ նախկինում  հնարավոր թույլ տրված ապօրինությունների պատասխանատվությունը։ Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ այս ընկերության հետեւում կանգնած է հարկայինի բարձրաստիճան պաշտոնյա, ով կարողացել է լեզու գտնել Հայկ Մարությանի հետ, որի արդյունքում էլ նրան տրվել է կառուցապատման նոր թույլտվությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել