«Սրիկայացած իմ հայրենիք» վերնագրում է մի հրապարակախոս իր գրառումը՝ երևի ներքուստ տժժալով, թե էս ինչ հաջող վերնագիր է ընտրել, որ հիմա խոմյաչոկները վազելով գալու են կարդան։ Լրատվամիջոցում էլ ուրախացած այդ վերնագիրը դնում են ֆեյսբուքյան գովազդի վրա. «Մոտ եկե´ք, հրճվե´ք, մի երկու քացի էլ դուք տվեք ձեր հայրենիքին»։

Բոլոր ժամանակների կինիկների սիրած թեմաներից է. վարկաբեկել ու ծաղրի առարկա դարձնել «հայրենիք», «ազգ», «մենք» հասկացությունները։ Փորձում են կինիզմը ներկայացնել որպես կառուցողական ինքնաքննադատություն, ինքնամաքրում և այլն։ «Հա, բայց դե Զարյանն է ասել»,— կասեն կարդացած մարդիկ։ «Ջահանդամին, թե չի ասել»,— կպատասխանեմ ես՝ առանձնապես չխորանալով, որ մարդու մտքին տեղ լինի՝ ցանկացած գործչից էլ կարելի է ենթատեքստից պոկած այնպիսի մեջբերումներ անել, որ կարդացողի մազերը բիզ-բիզ կանգնի։

Ասե՞մ ոնց ջոկեք քննադատությունը կառուցողական է թե՞ ցեխ շպրտելու փորձ։ Եթե կառուցողական է, պիտի լուծում առաջարկի։ Ի նկատի ունեմ ոչ թե արտաքուստ հեշտ (բայց իրականում՝ կեղծ) լուծում։ Կամ գոնե ուղղություն, որով պիտի շարժվել լուծումը գտնելու համար։ Եթե միայն վայ-վույ է, ապա դա ոչ թե անկեղծ մտահոգություն է և խնդիրը լուծված տեսնալու ցանկություն, այլ մարդկանց վախեցնելու ու ապատիայի մեջ գցելու փորձ է, այսինքն՝ կինիկների սիրած զբաղմունքը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել