News.am-ը գրում է․

Հանդիպումների առանցքում էր Արցախի հակամարտության լուծման հետ կապված հարցեր։ Այս մասին 5–րդ ալիքի հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի ղեկավար Արթուր Վանեցյանը՝ ամփոփելով իր այցը Արցախ։

«Սա «Հայրենիք» կուսակցության առաջին աշխատանքային այցն էր Արցախ, որն անցավ շատ ջերմ մթնոլորտում, ունեցանք շատ հանդիպումներ, քննարկումներ Արցախի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի հետ, հանդիպում ունեցանք նաեւ Ազատամարտիկների միության ղեկավար կազմի հետ եւ Արցախի հոգեւոր առաջնորդ Պարգեւ սրբազանի հետ։ Հանդիպումների առանցքում էր Արցախի հակամարտության լուծման հետ կապված հարցեր։ Մենք ներկայացրինք մեր կուսակցության դիրքորոշումը եւ կարող եմ ասել, որ մեր կուսակցության եւ Արցախի քաղաքական ուժերի ներկայացուցիչների դիրքորոշումը միակամ են, այն է՝ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անքակտելի է, իսկ Արցախի անկախության միջազգային ճանաչումը այլընտրանք չունի»,– ասել է նա։

Հարցին, թե ԱԱԾ ղեկավար եղած ժամանակ խոսել է Արաքսի հովտում վերաբնակեցման ծրագրի մասին, որքանո՞վ է այդ ծրագիրը հիմա իրատեսական, Վանեցյանը պատասխանել է. «Այդ ծրագիրը հիմա, ավելի քան երբեք արդիական է։ Մեր գործող իշխանությունների ոչ ճիշտ, ապաշնորհ բանակցային գործընթացի, կամ բանակցային գործընթացի բացակայության պատճառով Ադրբեջանի կողմից բերվել է մի կեղծ տերմին. Ղարաբաղի ադրբեջանական համայնք եւ այդ տեսանկյունից ելնելով՝ այս ծրագիրը ավելի քան արդիական է։ Եվ մենք ոչ միայն նույն կարծիքին ենք, այլ այսօր մեր կուսակցությունը պատրաստվում է ստեղծել աշխատանքային խումբ եւ օրակարգային հարց դարձնել Արցախի վերաբնակեցման ծրագիրը։ Ես համարում եմ դա համահայկական հարց, որովհետեւ Արցախի ազատագրված տարածքներում անվտանգության ապահովման ամենակարեւոր գործիքը այդ տարածքներում ապրող մարդն է։ Այդ հարցը պետք է ղառնա համահայկական եւ դրանում պետք է ակտիվ մասնակցություն ունենան թե՛ հայաստանցիները, թե՛ արցախցիները, թե՛ սփյուռքի մեր հայրենակիցները»,– ասել է Վանեցյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել