Politik.am-ը գրում է․
Այս օրերին հայաստանյան մամուլն ակտիվորեն քննարկում է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հնարավոր պաշտոնազրկումը։ Նույնիսկ նրան փոխարինողի անուն է շրջանառվում, թեեւ մեծ հաշվով հայաստանյան քաղաքական դաշտն ու իշխող մեծամասնության ներսում տրամադրություններն այնպիսին են, որ կանխատեսումներ անելը խիստ անշնորհակալ գործ է։
Ամեն դեպքում, պարզ է մի բան, որ Հայկ Մարությանը որպես Երեւանի քաղաքապետ ոչ միայն ձախողված է եւ տապալված, այլ նաեւ Փաշինյանի վարկանիշի անկման, հեղինակազրկման գործում այսպես ասենք՝ իր անուրանալի ներդրումն է ունեցել։ Երեւի թե չկա շաբաթ, որ չխոսվի մամուլում եւ ավագանու առանձին անդամների կողմից շինթույլտվությունների ոլորտում հնարավոր կոռուպցիոն մեխանիզմների առկայության, քաղաքային ենթակառուցվածքների վատ վիճակի եւ քաղաքային տնտեսության կործանման եզրին գտնվելու մասին։
Իշխանության համար սա լուրջ մարտահրավեր է, քանի որ երկու ընտրություն ունի՝ կամ պետք է Հայկ Մարությանը շարունակի պաշտոնավարել ի հաշիվ իշխող թիմի հեղինակության, կամ էլ պետք է որեւէ մեկը փոխարինի նրան Երեւանի ավագանու իշխանական ֆրակցիայից, սակայն այդ դեպքում ըստ ամենայնի, հերթական անգամ Փաշինյանը խայտառակ է լինելու, քանի որ կյանքն ինքն է ապացուցելու, որ կարդային հարցում Հայաստանի վարչապետը մեղմ ասած՝ տանուլ է տվել։
Ընդհանրապես սխալ էր ի սկզբանե Հայկ Մարությանին քաղաքականություն բերելը, մայրաքաղաքի ղեկը նրան հանձնելը։ Շոու-բիզնեսում ոչ վատ կազմակերպիչ եւ մենեջեր լինելը այլ բան է, բայց միլիոնանոց քաղաք ղեկավարելը, որն ունի հազար ու մի խնդիր, լրիվ այլ մակարդակի գիտելիք, փորձ եւ կարողություններ, հմտություններ են պահանջում։ Հայկ Մարությանը, որքան էլ ժողովրդականություն վայելող եւ սիրված, սակայն չուներ քաղաքային տնտեսություն ղեկավարելու փորձ եւ արդյունքում ունենք այն, ինչ ունենք, երբ մի արձակուրդից դեռ չեկած նա մյուս արձակուրդն է ձեւակերպում։
Ի դեպ, դեռ Իոսիֆ Ստալինն է ասել, որ կադրերը որոշում են ամեն ինչ, եւ հետեւաբար, այս տեսակետից, Փաշինյանի կադրերը կանխորոշել են նրա կործանումը՝ իրենց ապաշնորհությամբ եւ ոչ-կոմպետենտությամբ, հաճախ նաեւ՝ անգրագիտության հասնող մակարդակով։