Մենք հեռախոսազրույց սկսելիս անգամ չենք մտածում, թե ինչպես կարող ենք ողջունել զրուցակցին : «Ողջույն», «Բարի առավոտ/օր/երեկո» արտահայտություններին փոխարինում է ունիվերսալ «ալո» բառը :

Այս բառի պատմությունն իսկապես խճճված է : Համաձայն վարկածներից մեկի՝ ամեն ինչ սկսվել է XI դարում՝ Նորմանդիայի դուքս Վիլհելմ Նվաճողի կողմից Անգլիա ներխուժելու ժամանակ : Իրենց անասուններին նորմանդացի հովիվները հավաքում էին «Hallo !» գոչելով : Հենց այստեղից էլ առաջացել է halloer բայը, որը նշանակում է «շարունակել գոռալ» :

Ըստ վարկածներից մյուսի՝ «ալո» բառն իր ծագումը ստացել է անգլերեն «hallow» բառից, որով ծովագնացները ողջունում էին հանդիպող նավերին :

Գոյություն ունի նաև երրորդ տարբերակը, ըստ որի՝ «ալո» բառն առաջացել է հունգարերեն «hallom» տերմինից, որը նշանակում էր «ես ձեզ լսում եմ» : Այն կիրառում էր հունգարացի գիտնական, աշխարհում առաջին հեռախոսակայանի հայտնագործող և Telefon Hirmondo հեռախոսային լրատվական ծառայության հիմնադիր Թիվադար Պուշկաշը : Համարվում է, որ հեռարձակման ժամանակ Պուշկաշն ասում էր «Hallom», ինչն էլ ավելի ուշ վերածվել է «Hallo»-ի կամ «ալո»-յի :

Աստիճանաբար Hallo-ն ներմուծվեց այլ լեզուներում՝ ֆոնետիկ նորմերին համապատասխան փոփոխությունների ենթարկվելով : Այսպես հայերենում, ռուսերենում ու ֆրանսերենում այն հնչում է որպես «ալո», հունգարերենում՝ «հալո»:

Որոշ լեզուներ այլ ուղղությամբ են գնացել : Օրինակ, ճապոնացիները հեռախոսազրույցների ժամանակ միմյանց ողջունում են «մոշի-մոշի»-ով, ինչը թարգմանվում է որպես «խոսում եմ-խոսում եմ» : Չինացիներն ասում են «վեյ»՝ «լսում եմ», իտալացիները՝ «պրոնտո»՝ «պատրաստ է» :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել