ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապով հարցազրույց է տվել BBC հեռուստաալիքի HARDtalk հայտնի հաղորդմանը: Հարցազրույցի ընթացքում հաղորդավար Սթիվեն Սակուրը դիմել է Փաշինյանին` նշելով, որ արդեն երկու տարի է, ինչ վերջինս իշխանության է, և խոսել է հայ ժողովրդի շրջանում «թավշյա հեղափոխության» հետ կապված հույսերի մասին:

«Արդեն երկու տարուց ավելի է, ինչ Դուք, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության» մեծ հույսերով եկել եք իշխանության: Երբ ես նայում եմ Հայաստանին, կարծես այժմ շատ հայեր զգում են, որ այդ հույսերը խորտակվել են: Ի՞նչն է սխալ ընթանում»,- հարցրել է հաղորդավարը:

ՀՀ վարչապետը չի համաձայնել հաղորդավարի հնչեցրած մտքին:

«Ես չեմ համաձայնի Ձեր տպավորության հետ, քանի որ Հայաստանի բոլոր քաղաքացիները տեսնում են, որ իրենք ապրում են ժողովրդավար երկրում: 2019 թվականին մենք ամենամեծ տնտեսական աճն ենք ունեցել Եվրոպայում: Մեր երկիրը մեծ առաջընթաց է գրանցել բոլոր վարկանիշներով` ժողովրդավարության զարգացում, խոսքի ազատություն, անկախ դատական համակարգ, հակակոռուպցիոն քաղաքականություն: Երկու տարի անընդմեջ միջազգային պարբերականները Հայաստանը ճանաչել են որպես տարվա երկիր՝ ոչ միայն ժողովրդավարության, այլ նաև տնտեսության ոլորտում: Այո՛, կորոնավիրուսի համավարակը ընդհատեց դա, սակայն մենք շարունակելու ենք մեր թռիչքը»,- պատասխանել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հաղորդմանը տված հարցազրույցի ընթացքում պաշտպանել է նաև իր գլխավորած կառավարության գործողությունները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում և բացատրել է, թե ինչու դիմակ չի կրել, երբ դա պահանջում էր սեփական քաղաքացիներից:

Հարցին այն մասին, թե ինչու է նա համավարակի թեժ պահին առանց դիմակի մասնակցել խնջույքի, ՀՀ վարչապետը պատասխանել է, որ հետևել է այն կանոններին, որտեղ անցկացվում էր պաշտոնական ընդունելությունը:

«Այդ օրը մենք գործել ենք Լեռնային Ղարաբաղում գործող կանոններով»,- ասել է ՀՀ վարչապետը:

Հիշեցնենք՝ մայիսի 21-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունից հետո տեղի էր ունեցել խնջույք Հայաստանի և Արցախի ղեկավար կազմի մասնակցությամբ:

Տեսանյութում այդ հատվածը՝ 01:25 րոպեից.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել