Politik.am-ը գրում է․
Հուլիսյան սրացումը կստվերի արդյոք ռուս-ադրբեջանական հարաբերությունները: Նախօրեին տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցը՝ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Այս հեռախոսազրույցի հետ կապված հաղորդագրություններով հանդես եկան եւ Մոսկվան, եւ Բաքուն։
Հետաքրքրական է, որ նույն հեռախոսազրույցի մասին երկու հաղորդագրությունները բավականին տարբերվող էին իրարից։ Ադրբեջանական վարկածի համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւn իր դժգոհությունն է արտահայտել վերջին շաբաթներին՝ Ռուսաստանի կողմից Հայաստան ռազմական նշանակության բեռների նոր խմբաքանակի առաքման հետ կապված։ Իլհամ Ալիևը պնդել է, թե հուլիսի 17-ից սկսած «Մոսկվան Հայաստանին շուրջ 400 տոննա ռազմական նշանակության բեռ է մատակարարել»։
«Մատակարարումները իրականացվել են Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքներով», - նշել է Ալիևը՝ հավելելով, որ ռազմական նշանակության բեռների մատակարարումները Հայաստան «Ադրբեջանական հանրության մոտ լուրջ մտահոգություն և հարցեր են առաջացնում»։
Իսկ ահա ռուսական վարկածում այս հարցը ընդհանրապես ներառված չէ, սակայն դրա փոխարեն հիշատակված է այն, որ այս տարվա հուլիսին տեղի ունեցած հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ֆոնին նախագահները քննարկել են տարածաշրջանային խնդիրները։
Ռուսական կողմը ընդգծել է իրադրության սրմանը նպաստող ցանկացած գործողության անթույլատրելիությունը։ Հետաքրքրական է, որ այս հեռախոսազրույցը, դրանում բարձրացված հարցերը եւ տարածված հայտարարությունները հնչում են թուրք-ադրբեջանական զորախաղերի շրջանում, երբ գրեթե ամեն շաբաթյա ռեժիմով կամ ադրբեջանական պատվիրակություններն են մեկնում Թուրքիա, կամ հակառակը՝ թուրքական պատվիրակությունները՝ Ադրբեջան, դրանց ուղեկցող եղբայրական սիրո եւ միասնության դիֆերամբներով հանդերձ։ Հասկանալի է, որ այդ զորախաղերը լրացուցիչ համարձակություն են հաղորդել Բաքվին, այն աստիճան, որ վերջինս որոշել է իրեն պահել չափազանց հանգուգն։ Այստեղ, սակայն, կա մի հետաքրքիր նրբություն։
Այդ հանդգնությունը, եւ Ալիեւն էլ դա հասկանում է, ժամանակավոր է, եւ ունի իր սահմանը, ու Բաքվում կգտնվեն այնքան խելամիտ, որ նախ չեն խորանա այնքան, որ դառնան ռուսական շահերի համար սպառնալիք եւ երկրորդ, չեն թույլ տա, որ Անկարան ամբողջովին իրենց մանիպուլացնի եւ որպես զոմբի օգտագործի Կովկասում դիրքեր ամրացնելու եւ հակառուսական կամպանիայի համար։