Politik.am-ը գրում է․
Հայաստանում գործող իշխանական թիմն ու նրան սատարողները, կարելի է ասել, ծանր սթրես եւ հիասթափություն տարան երեկ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խրոխտ կերպով շնորհավորեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի համար։ Դանիել Իոանիսյանը բավական բազմանշանակ գրառումով հանդես եկավ, հայտարարելով, որ Հայաստանը, գուցեեւ ժողովրդավարության կղզյակ է, սակայն այլեւս ժողովրդավարության բաստիոն չէ, իսկ Արթուր Սաքունցի գրառումից էլ կարելի է հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանն այլեւս Մարտի մեկի դեպքերի մասին խոսելու ոչ մի իրավունք չունի, Լուկաշենկոյին շնորհավորելը որակելով որպես սկզբունքների եւ արժեքների անախրոնիզմ։ Հասկանալի է, որ իշխանության ներսում երեկվանից հետո ավելի խորացավ ճգնաժամն ու անջրպետը վարչապետի եւ այն թեւի միջեւ, որոնց ընդունված է պայմանականորեն անվանել «սորոսականներ»։ Իհարկե միամտություն կլինի սպասել, որ Փաշինյանը գոնե հանրային հասանելի մակարդակում որեւէ կերպ կմեկնաբանի թե ինչու է շնորհավորել Լուկաշենկոյին։ Մյուս կողմից, հարց է, թե արդյոք Լուկաշենկոյի համար կոպեկի արժեք ունի Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը։ Ի դեպ, արձանագրենք, որ Փաշինյանը շնորհավորել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից հետո, օրվա երկրորդ կեսին։ Լուկաշենկոյի համար Փաշինյանն ավելին չէ, քան «բախտը բերած» ցուցարարը, ով կարողացել է հասնել իշխանության, քան Սվետլանա Տիխանովսկայան, օրինակ։ Այսինքն, Լուկաշենկոյի համար Նիկոլ Փաշինյանը սովորական արեւմտամետ կամ Արեւմուտքի կողմից իշխանության դրված մարիոնետ է, հետեւաբար այն էլ հիմա, երբ Մինսկում ամենայն հավանականությամբ իշխանությունը դառնալու է ընդգծված հակա-արեւմտյան եւ ռեակցիոն, հուսալ, որ Փաշինյանի շնորհավորանքը հայ-բելառուսական հարաբերություններում ինչ որ դրական տեղաշարժեր կպայմանավորի, պարզապես միամտություն կլիներ։ Իհարկե, մի փոքր հասկանալի է, որ սեփական հեղափոխական անցյալի վրա թքելը, հեղափոխական ողջ ժամանակագրության վրա խաչ քաշելը, իր իշխանության փայատերերից մեկի հետ գաղփարա-համոզմունքային կոնֆրոնտացիայի մեջմ մտնելն ունի իր պատճառաբանությունը, ի վերջո, ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում նախագահում է Բելառուսը, սակայն «լոմկան» կրկնկակի կլինի, եթե օրինակ, այդ «զոհողությունները» ոչ միայն չգնահատվեն Մինսկում, այլ նաեւ շարունակվեն «շոկոլադային» հարաբերությունները Բաքվի հետ։