Երեկ մի խումբ ակտիվիստների բերման ենթարկելու ակնհայտ անօրինական գործողություններն ինձ հնարավորություն տվեցին նաև ինստիտուցիոնալ թեստ անցկացնելու։ Իրականում շատ տխուր է ոստիկանության վիճակը թե՛ ոստիկանների բռնի գործողությունների, թե՛ նրանց քաղաքացու հետ վարվելու և խոսելու էթիկայի ու կրթվածության և թե՛, ինչը շատ կարևոր է, աշխատանքային պայմանների առումով։
Սկսեմ բռնության հանդեպ անթաքույց սիրուց։
Լավ, բերման ենթարկելու անօրինականությունը եթե իրենք չեն որոշում, ուղղակի արդարանում են, թե հրաման են կատարում, ապա բերման մեթոդների ու այդ գործընթացից հաճույք ու բավարարում ստանալու զգացումը շատ անհատական է։ Մեզ բերման ենթարկեցին գազելով, առաջինն ինձ ճանկռելով ու հրելով շպրտեցին կիսակոտրած նստատեղին, ինչպես մի պարկ կարտոֆիլ, դեռ մեքենան դատարկ էր, սակայն երբ տղաներին էին փորձում ներս հրել, նույնիսկ չէին նայում՝ մարդ կա ներսում, չկա, շպրտում էին, ուր պատահի, ոնց պատահի, վնասելով, կոտրելով ակնոցներ ու այլ իրեր։ Ու սա դեռ մի 10 հոգանոց փոքրիկ խաղարկային ակտի դեպքում նման հարձակում, պատկերացնում եմ՝ երբ գործ ունենան մասսայական ակցիաների հետ, ինչ մսաղաց են սարքելու։
Բերման ենթարկելիս որևէ ոստիկան չներկայացավ, չներկայացրեց բերման ենթարկելու հիմքերն ու մեր իրավունքները։ Փոխարենը բղավում ու տղաներին վրա էին տալիս, ինձ էլ մի երիտասարդ ոստիկան ասեց մայրիկ ջան:) Էն, որ հասկացա՝ լավ ծերացել եմ՝ մի կողմ, բայց քաղաքացու հետ շփվելու, էթիկայի իսպառ բացակայությունն ակնհայտ է։ Բա ո՞ւր մնաց Հայաստանի հպարտ քաղաքացին
Ոստիկանության բաժնում ևս որևէ հոդաբաշխ բացատրություն չտրվեց, թե ինչու են բերման ենթարկել։ Ոստիկաններից մեկը մտավ բաժին ու հարցրեց՝ էդ առաց դիմա՞կի եք գնդակ խաղացել, որ բերել են Բայց նաև նրանցից առավել բարձր կոչումով մեկը, որը նաև ավելի թիկնավետ էր, բաժնում ձայնը գցել էր գլուխն ու գոռում էր, թե դուք վարչական ձերբակալված եք, ու ձեր իրավունքները սահմանափակված են, որ հարցնում էիր, թե որ հոդվածով, պատասխան չկար։ Արանքում նաև բորբոքվեց ու հասցրեց տղաների թևերից բռնել ու դուրս շպրտել սենյակից։
Հա, ինձ համար տխուր էր տեսնել նաև ոստիկանների աշխատանքային պայմանները։ Խիստ անմխիթար վիճակում գտնվող սենյակներ, անչափ մաշված գույք ու փականները կոտրած դռներ։ Էլ չասեմ գետնի վրա նստած փոշին ու կեղտը։ Ախր սա պետական կառույց է, ու առաջինը, որ մարդ մտնում է ոստիկանություն, պետության մասին պատկերացում է կազմում։ Ու որ նայում ես ոստիկանների աշխատանքային պայմաններին, նրանց վարձատրությանն ու սոցիալական ապահովության, հանգստի իրավունքի հարցերին, լրիվ հասկանալի է, թե ինչ տրամաբանություն է գործում։ Ու նաև երբ համադրում ես առավել բարձր պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների աշխատավարձերը, նրանց ծանրաբեռնվածությունն ու գույքային, շենքային պայմանները, էլի հստակ է տարբերությունը պետական ռեսուրսի անարդար բաշխման առումով։
Շատ տխուր է ՀՀ ոստիկանության վիճակը, մտածում եմ, թե այսքան ծրագրեր, որ միջազգայիններն իրականացնում են, ինչո՞ւ արդյունք չեն տալիս, էլ վերապատրաստումներ, էլ աջակցության տարբեր ծրագրեր։ Էլ չասեմ՝ հարց է, թե ինչ կրթություն են ստանում ոստիկանության ակադեմիայում։
Իհարկե, կային եզակիներ, օրինակ՝ երեկ ոստիկանությունում հաճելիորեն զարմացել էի մի իրավաբան-ոստիկանի հետ զրույցի արդյունքում։ Նա բավական լավ միջազգային իրավունք գիտեր, նաև կողմ էր այսօր որոշ խմբերի կողմից մանիպուլացվող միջազգային կոնվենցիաների վավերացմանը։
Իսկ ընդհանրապես, ես երեկ 3 ժամ նստեցի ոստիկանությունում, չներկայացա, որն իմ իրավունքն է, ու իմ վերաբերյալ որևէ փաստաթղթավորում չի արվել։ Փորձեցին ճնշել, ասել, որ իրավունք չունեմ չներկայանալու, բայց ես իմ իրավունքները լավ գիտեմ, և հակադարձեցի, որ իրենք են պարտավոր, որպես պետական կառույցի ներկայացուցիչներ, ներկայանալ, ես որևէ պարտավորություն չունեմ, հատկապես որ իրենց բոլոր գործողություններն անօրինական են։
Իհարկե, անհամբեր սպասում էի, որ տուն հասնեմ ու վնասվածքներս մշակեմ, քանի որ արյուն էր գալիս, ու բացի ալկոգելից՝ որևէ միջոց չկար ձեռքիս տակ։