«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի աշխատանքից հեռանալու թեման շարունակվում է բուռն քննարկվել սոցիալական ցանցերում։ Երեկ ես անդրադարձել էի այս թեմային, սակայն կոնկրետ վարկած չէի նշել՝ տալով ընդհանուր գնահատական։ Հիմա ավելի որոշակի հայտնեմ իմ վարկածը։
Ես ավելի շատ հակված եմ մտածելու, որ Դավիդյանցն աշխատանքից ազատվել է ոչ այնքան Արսեն Թորոսյանի, որքան Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, ու պատճառը վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած հայտնի բրիֆինգն է, որի ընթացքում Դավիդյանցն, ըստ էության, կասկածի տակ դրեց պաշտոնական վարկածը՝ պնդելով, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը կորոնայի դեմ պայքարը սկսել է դեռ հունվար-փետրվար ամիսներին։
Այս հայտարարությունն ինքնին սկանդալային է, որովհետև ստացվում է՝ առաջին վարակակիրը Հայաստանում արձանագրվել է ոչ թե մարտի 1-ին, ինչպես պնդում է իշխանությունը, այլ ավելի վաղ, ինչի մասին փաստացի ակնարկել է Դավիդյանցը։
Եթե վերջինիս վարկածը ճիշտ է, ապա ստացվում է՝ օրվա իշխանությունը, հանուն իր քաղաքական օրակարգի՝ սահմանադրական հանրաքվեի անցկացման, թաքցրել է ճշմարտությունը ու պատճառ դարձել համավարակի նման մասշտաբի։
Սեպտեմբեր ամսին կորոնայի հետ կապված հարցերը դառնալու են խորհրդարանական Քննիչ հանձնաժողովի քննարկման թեմա, ու կարծում եմ՝ նաև Դավիդյանցի հրաժարականի հանգամանքները պետք է հանգամանալից քննարկվեն՝ լույս սփռելու համար ավելի գլոբալ հարցերի վրա։