Իլոն Մասկին պատկանող SpaceX կորպորացիայի SN5 նավ-նախատիպը բարձրացել է 150 մ և փափուկ վայրէջք կատարել՝ դուրս բերելով վայրէջքի համար նախխատեսված հենակները:

«Մարսն ավելի ու ավելի իրատեսական է թվում»,- թվիթերյան իր էջում գրել է Մասկը:

SN5-ը նախատեսված է «Raptor» հրթիռային շարժիչի փորձարկումների համար, որը ծրագրի հաջող ընթացքի դեպքում կկահավորի նոր սերնդի Starship տիեզերանավն ու տիեզերագնացներին կհասցնի Լուսին ու Մարս:

Շարժիչն աշխատում է հեղուկ մեթանի և հեղուկ թթվածնի խառնուրդի հիմքով:

ԱՄՆ ժամանակով փորձարարական թռիչքը տեղի է ունեցել երեքշաբթի՝ ժամը 18:57-ին, Տեխաս նահանգի Բոկա Չիկա քաղաքում և տևել է մեկ րոպե: Վերջին տարվա ընթացքում դա Raptor-ի առաջին իրական թռիչքային փորձարկումն է եղել:

Նախատիպը, որը կահավորված է մեկ շարժիչով, պատրաստված է չժանգոտվող պողպատից և արտաքնապես հիշեցնում է ջրի պահեստային բաք:

Իրական Starship-ը կլինի պատմության ամենախոշոր տիեզերանավը, որը կունենա վեց Raptor շարժիչ, 50 մ երկարություն և կտեղավորի 100 հոգուց բաղկացած արշավախմբի:

Starhopper անունով մեկ այլ նախատիպ 2019 թ. փորձնական մի քանի թռիչք է իրականացրել, որոնք ևս ունեցել են նույնչափ բարձրություն: Սակայն Starship տիեզերանավը համարվում է ՆԱՍԱ-ի կողմից 2024 թ. պլանավորվող դեպի Լուսին թռիչքի տիեզերանավի երեք հավակնորդներից մեկը:

Ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավան, ով իր կարողությունը ստեղծել է նորաձև հագուստի օնլայն առուվաճառքի միջոցով, արդեն իսկ ամրագրել է իր տեղը տիեզերանավում:

Իլոն Մասկը վաղուց է երազում մարդուն դարձնել «միջմոլորակային արարած» և նախատեսում է Մարս մոլորակի վրա գաղութ հիմնել: Նրա ընկերության կողմից կառուցված պատմության մեջ առաջին մասնավոր տիեզերական «Crew Dragon» սարքը մայիսի 30-ին երկու տիեզերագնացների հասցրեց Տիեզերք և օգոստոսի 2-ին բարեհաջող վերադարձրեց նրանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել