Խրախճանք կրեմլյան հարճերի հասարակաց տանը

Երբ հաղթանակած հեղափոխությունից հետո հրապարակ չեն մտնում տեխնոկրատները, սուրբ տեղը զբաղեցնում է մեծն դեպրեսիան։ Կրթական ի՞նչ չափորոշիչների մասին եք կիլոմետրերով գրում դուք, երբ ձեր երեխաները հանձնված են Հ1-ի Պետրոսի խնամքին և ամեն օր ուղղակի հոգևոր սպանդի, ցեղասպանության են ենթարկվում։ Հետհեղափոխական մեդիային վերապահված էր ուղղակի երկրաշարժ հրահրել հանրային թմրած օրգանիզմում՝ ստեղծել նոր գեղագիտություն, նոր վարք, քաղաքացիական նոր հանրույթ և ոչ ամենևին Պողոս կամ առավել ևս՝ Պետրոս։

Իր ինքնիշխանությունը գիտակցող ինքնությունը մի բան հաստատ գիտի, որ հացը հացթուխին են տալիս, հակառակ դեպքում նրան անգամ թշնամիներ պետք չեն, նա ինքնամատույց գնում է լլկման, փոշիացման ու ինքնաավերի: Ահա ինչու է ցնծում Կրեմլյան հարճերի հասարակաց տունը, և ինչու չենք զորում խփել Կրեմլի գերագույն հարճի քաղաքական դագաղի վերջին մեխը:

Իսկ երբ երկրի համահավաք ջանքը չի ստեղծում արդարության և խաղաղության կենսատարածք, պատերազմը վրա է տալիս։ Այնտեղ, ուր չի բալանսավորվում ներքին կյանքը, արդար չի բաշխվում հանրային բարիքը, երկրի ուժը՝ թշնամին չի ուշանում։ Պատերազմը չի կարող ավարտվել մի վայրում, ուր տասնամյակներ ի վեր չի հավաքագրվում համահայկական մտքի կապիտալը, մեր համահավաք միտքն ու համազգային գաղափարները՝ վեր կանգնելով կուսակցական էգոիզմից, ընկերավարական նեղ մտածողությունից ու շահերից։ Հայաստանը դեմոգրաֆիական այսօրվա տեսքով իսկապես խելապակաս է, եթե չի մտածում աշխարհով մեկ սփռված 10 մլն տարողությամբ ուղեղով։ Դժվար է խոստովանել, բայց մենք մարդկային ու մասնագիտական կապիտալի խորը ճգնաժամ ունենք և նախևառաջ նոր, կրեատիվ միտք ընդունելու և ներդնելու համարձակություն։

Պատերազմը հանկարծահաս աղետ կամ առավել ևս ճակատագիր չէ, այլ ընտրություն։ Դժբախտների ընտրությունը։ Թե չէ բոլորն էլ հակառակորդներ ունեն՝ լինես մոծակ, աղվես, առավել ևս՝ մարդ։ Տեսակի կամ արեալի պաշտպանությունն, անշուշտ կռիվ է ուզում, բայց ողնաշարավոր թե անողնաշարավոր գիտեն ռազմավարական ոսկե կանոնը՝ թշնամուն հնազանդեցնել առանց ճակատամարտի. քաղաքի պարարտ կատուն վաղուց ալարում է հալածել մկներին, բայց վերջիններս քաջատեղյակ են, որ «շեֆն» ամեն պահ կարող է կատաղել, և անգամ մկնային ենթագիտակցությունը պահում է գենետիկ վախերի ժառանգական կոդերը։ Ես չեմ ուզում վիրավորել ադրբեջանցիներին, փշալարերից այն կողմ ընկած նրանց 18 տարեկան տղային էլ է մայր բերել, բանակ ճանապարհելիս այդ մոր սիրտը խոսել է կրծքի տակ. բան է ասել նրան, մոր կանխազգացման դեմ խաղ չկա։ Բայց ես ձեռքով շոշափել եմ նրանց պաշտպանական գերատեսչության ղեկավար Աբիևի թախանձագիր նամականին՝ ուղղված մեր հրամանատարությանը, որտեղ սա մեզնից հրադադար էր պաղատում 5, 10, 20 օրով, ապա և... 20 տարով։ Ամեն դեպքում պարտությունը մտքի եզրահանգումն է, որը որպես ցավի հիշողություն ապրում է պարտվածի երակներում։ Ընդ որում, նրանք պարտվել են ոչ թե 94-ին, այլ ավելի շուտ, երբ օրը ցերեկով Սումգայիթում արյամբ ներկեցին իրենց արմունկները։ Սկզբում Սումգայիթն էր։ Հետո միայն պարզվեց, որ այդ տխրահռչակ քաղաքը Սովետի հետնապահն էր կրթական բոլոր ցուցանիշներով, անգամ 10-ամյա միջնակարգը շռայլություն էր համարել սովորողների 30 տոկոսից ավելին, իսկ դպրոցների ուսուցիչների կեսը չէր ստացել ստացիոնար կրթություն։ Այստեղ վերջացնենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել