Politik.am-ը գրում է․
Ընթերցողները թերեւս կհիշեն ԱԱԾ տարածած հաղորդագրությունն այն մասին, որ իբրեւ թե ադրբեջանական հատուկ ծառայությունները հայկական բջջային օպերատորներին պատկանող հեռախոսահամարներով զանգում եւ հարցախույզ են իրականացնում, փորձելով պարզել ինչ ինչ տեղեկություններ եւ տրամադրություններ։ Հետո իհարկե, կհիշի նաեւ այն անհարմար դրությունը, երբ պարզվեց, որ այդ համարները ոչ թե ադրբեջանական հատուկ ծառայություններինն էին, այլ ՄԱԿ ենթակայության տակ գործող միջազգային կառույցներից մեկինը։ Դեռ այն ժամանակ հայտարարվեց, որ ԱԱԾ գործող ղեկավար, հատոիկ ծառայությունների համար ոչ մի տեղից եկած Արգիշտի Քյարամյանը քանդում է համակարգը։ Բառացիորեն երեկ էլ տեղեկատվական անվտանգության հարցերով մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հայտարարեց, որ ադրբեջանական ցանցահենները կոտրել են ՀՀ կառավարական սերվերներ եւ հասանելիություն ստացել ոչ ավել, ոչ պակաս՝ 55 տերաբայթ ծավալով ինֆորմացիայի։ Իշխանությունից միայն կցկտուր մեկնաբանություն հնչեց, որ ԱԱԾ-ն ստուգում է այդ մասին լուրերը, այն դեպքում, երբ այդ ինֆորմացիայի անվտանգության պատասխանատուն հենց ԱԱԾ-ն է։ Ինքնին հասկանալի է, որ Քյարամյանն այլեւս որեւէ կերպ չի կարող հիմնավորել կամ արդարանալ ու ակնհայտ փաստ է, որ նա տապալել է իր աշխատանքը ԱԱԾ-ում եւ ԱԱԾ աշխատանքն առհասարակ եւ պետք է պաշտոնանկ արվի առնվազն, եթե չասենք նաեւ՝ ենթարկվի պատասխանատվության։ Սակայն զարմանալիորեն նրան Փաշինյանը դեռ պահում է այդ պաշտոնում, անհասկանալի է, թե ինչու։ Թե Նիկոլ Փաշինյանի համար ինչ շահեր է սպասարկում ԱԱԾ ներկայիս պետը դեռ հասկանալի չէ, սակայն ամեն դեպքում անթույլատրելի է, որպեսզի պետության հետախուզության եւ հակահետախուզության ղեկավարը լինի անփորձ մեկն այն աստիճան, որ տարիների պետական փաստաթղթաշրջանառությունը դառնա հակառակորդի համար հասանելի։ Սա ուղղակի պետության եւ նաեւ Փաշինյանի անվտանգության հարցն է, քանի որ այդ ինֆորմացիայի մեջ կարող են լինել տեղեկություններ, որոնք վերաբերեն հենց Փաշինյանին եւ օրենքով սահմանված կարգով գտնվեն «գաղտնի» կամ «հույժ գաղտնի» գրիֆի ներքո եւ պաշտպանված հասանելիությունից։ Ժամանակին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում վնասազերծվեց ադրբեջանական գործակալ, ով նախապատրաստում էր մահափորձ ընդդեմ Քոչարյանի։
Անհանգիստ Հարավային Կովկասում, ունենալով Բաքվի նման նենգ հակառակորդ, երբեք չենք կարող տեսականորեն ասել, որ հիմա էլ Բաքվում նման մտադրություններ չեն ունենա։ Սխալվելը մարդկային է, եւ Նիկոլ Փաշինյանը որպես մարդ, ամեն դեպքում կարող է կադրային սխալներ թույլ տալ։ Սակայն սխալն ուղղելը տղամարդկություն է եւ խիզախություն։ Չի կարելի սխալը թողնել այնքան, որ ի վերջո վնասը զգաս սեփական մաշկիդ վրա, նոր անցնես «վիրահատական միջամտության»։