Ադրբեջանցիների հարձակումից տուժած Էրիկը բուժում է անցնում Մոսկվայի Ինոզեմցևի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցի դիմածնոտային բաժանմունքում: Կատարել են ծնոտի վիրահատություն, որը անցել է բարեհաջող: Բաժանմունքի գլխավոր բժիշկը ազգությամբ հայ է: Նա առանձին հիվանդասենյակ է տրամադրել Էրիկին։ Մյուս շաբաթ արդեն դուրս կգրեն հիվանդին: Էրիկը ունի նաև ուղեղի ցնցում, աչքի ոսպնյակի հետ կապված խնդիր, ատամներն են վնասվել:
Էրիկը մասնագիտությամբ ավտոմեխանիկ է, հասկանալի լեզվով ասած՝ դզող-փչող է: Ամուսնացած է: Ունի չորս զավակ: Ծնվել է Սումգայիթում և 12 տարեկան է եղել, երբ սկսվել են ջարդերը: Նրանց ընտանիքը տեղափոխվել է Հայաստան, հետո՝ Ռուսաստան: Էրիկը ասում է, որ չէր պատկերացնում, թե երկրորդ անգամ կվերապրի Սումգայիթի սարսափը, այս անգամ՝ Մոսկվայում: Ահավոր անհանգստացած է այն առիթով, որ երկար ժամանակ չի կարողանալու աշխատանքի դուրս գալ, իսկ ընտանիքին կերակրել է պետք:
Էրիկենց գործով նախաքննությունը դեռ շարունակվում է: Կան թվով յոթ կալանավորված, չնայած հարձակում գործած խումբը մոտ 30 հոգուց է բաղկացած եղել: Էրիկն անհանգիստ է նաև այն առումով, որ չլինի թե հանցագործները կարողանան սպրդել, կամ թեթև պատժով ազատվել: Ասում է՝ այդ պարագայում ինքը կհասնի մինչև Եվրոպայի մարդու իրավունքների դատարան՝ ապացուցելու համար, որ նրանք ոչ թե խուլիգանություն են արել, այլ ազգային թշնամանքի դրդապատճառով կանխամտածված սպանություն են ուզել իրականացնել: Ըստ նրա՝ հանցագործ ոհմակը ոչ միայն պետք է պատժվի, այլ նաև փոխհատուցում տա պատճառած թե՛ ֆիզիկական, թե՛ բարոյական վնասի համար, չէ՞ որ հենց միայն ատամներս, եթե վերականգնեմ, ասում է Էրիկը, ահավոր մեծ գումարներ եմ ծախսելու, էլ չեմ խոսում այլ բաների մասին:
Այդ իսկ պատճառով նա շատ է ցանկանում, որ իրենց գործով զբաղվող իրավաբանը՝ Նարեկ Կոստանյանը, կարողանա հասնել արդար վճռի և մաքսիմալ հատուցման: Էրիկն անհանգիստ է նաև իր և իր ընտանիքի անվտանգության համար:
Նա մեկ անգամ ևս հիշեց ու վերապատմեց իրենց գլխին եկածը: Սոցցանցերում գրում են, թե չէին կարող քշել-փախչել, ոհմակի ձեռքը չընկնել: Էրիկը ասում է՝ չէ, չէինք կարող, քանի որ այդ պահին մեքենան լուսացույցի տակ էր կանգնած, իսկ այդ հատվածի լուսացույցը կարմիրը պահում է մոտ երկու րոպե: Ասում է՝ եթե քշեինք, ուրեմն հետիոտների մեծ հոսքի վրայով պետք է անցնեինք:



