Համատարած և ամենուր առկա տապալումների ֆոնին Փաշինյանը երկու տարի ուշացումով նոր միայն սկսել է հասկանալ մի բացասական ճշմարտություն. եթե ժողովրդի ուսերի վրա գալիս ես իշխանության ու խոստումներդ չես կատարում, քեզ մնում է դիմել միայն բռնության և բռնատիրության հաստատման իշխանությունը պահելու համար: Հակառակ պարագայում դու կորցնում ես իշխանությունը և ոչ միայն:
Ու քանի որ հայաստանյան խաբեբա տգիտապետությունը հընթացս է քաղաքականություն և կառավարում սովորում, իշխանության գագաթին կանգնած պոպուլիստն այդ հանգամանքը նոր է իր համար բացահայտում: Եվ բացահայտելուն պես անցնում է գործողությունների:
Եվ հիմա սկսվում է իրական, նախկին ռեժիմի հետ կապ չունեցած և չունեցող ընդդիմության ու ընդդիմադիրների քաղաքական հետապնդումների այլևս բացահայտ փուլ: Ու մինչդեռ քաղաքական պատվերներն առավել մեղմ են նրանց նկատմամբ, որոնց սեփական աներորդու խոստովանությամբ իշխանությունը բացահայտել է օտարերկրյա գործակալ լինելու մեջ և, հետևաբար, նրանց դիտարկում է գրեթե անձեռնմխելի, ապա հիմնական մամլիչն ուղղվելու և ուղղվում է նրանց դեմ, որոնք քաղաքական իրական և անկաշառ այլընտրանք են ներկայացնում իշխանության համար:
Դա, անշուշտ, բացի ստորություն լինելուց` նաև հիմարություն է` հենց իշխանության սեփական շահերի տեսանկյունից ելնելով: Բայց դա այլ, երկար թեմա է:
Փաստ է արդեն, սակայն, այն, որ Փաշինյանի խմբակն այլևս վերածվել է ռեժիմի, որն այլևս բռնում է քաղաքական իսկական ընդդիմությանն ու իսկական ընդդիմադիր անհատներին ճզմելու ուղի: Դա, սակայն, նրան կարող է հաջողվել կարճ ժամանակ միայն:
Հեռանկարում ապազգային նեոլևոնիստական այս խմբակը դատապարտված է քաղաքական զրոյացման: Եվ ոչ միայն զրոյացման:
Պատմության և քաղաքականության բնույթի ուղիները որոշակի կանոններ ունեն, որոնք գրեթե երբևէ կյանքը չի խախտում: Եվ համաձայն այդ կանոնների` խաբեբա և թույլ պսևդոհեղափոխական խմբակներն աղբանոցում են արագ ավարտում իրենց ուղին:
Եվ աղբանոցի այդ ուղին անցնում է այլախոհներին ճնշելու ու լռեցնելու փորձերի մացառուտներով: Բայց այն, միևնույն է, ավարտվում է ճահճում, ուր աղբաջրերն են հոսում:
Բարի ճանապարհ դեպի աղբանոց: