ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում կադրային լուրջ փոփոխությունների մասին որոշումներ է ստորագրել: Պաշտոններից ազատվել են 10 անձինք, այդ թվում` տարբեր համայնքների ու կառույցների վարչության և կապերի բաժնի պետեր: Իրենց պաշտոններում վերանշանակվել են երեքը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում կադրային նման մասշտաբով փոփոխություններ իրականացվել են այն պայմաններում, երբ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հերթական այցով գտնվում է ԱՄՆ-ում:
Ի դեպ, ուշագրավ են հատկապես պաշտոններից ազատման հիմնավորումները: ՀՀ վարչապետի ստորագրած հրամանագրերում հղում է կատարվել «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, որը վերաբերում է տարբեր մարմինների վերակազմավորմամբ և կամ կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված հաստիքների կամ պաշտոնների կրճատման պատճառով ծառայողին պաշտոնից ազատելուն:
ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում նման մասշտաբի կառուցվածքային փոփոխություն իրականացվում է այն պայմաններում, երբ հիշյալ գրասենյակը ստեղծվել է ընդամենը մեկ տարի առաջ:
Հարց է ծագում, թե ի՞նչն է հիմք ծառայել կառուցվածքային նման փոփոխությունների համար մասնավորապես այն պայմաններում, երբ նույն գրասենյակն իր գործունեության առաջին 7 ամիսների ընթացքում արդյունավետ աշխատանքի դիմաց 82.992.200 ՀՀ դրամ (շուրջ 174 հազար դոլար) պարգևավճար է ստացել: Արդյոք դա որևէ առնչություն կարո՞ղ է ունենալ վերջին օրերին սփյուռքի տարբեր համայնքներում արձանագրված դեպքերի հետ: