Politik.am-ը գրում է․
Հայ-ադրբեջանական սահմանային սրացումից հետո, երբ կարծես թե հարաբերական կայունություն եւ անդորր կա, կարելի է նաեւ վերլուծել եւ հասկանալ, թե ինչու Բաքուն որոշեց միանգամից եւ անակնկալ կերպով թեժացնել իրադրությունը եւ այդ անակնկալ թեժացման մեջ որքան է ադրբեջանական տնտեսության վիճակի վատացման բաղադրիչի տեսակարար կշիռը ու հատկապես՝ ինչ վիճակում է հիմա ադրբեջանական տնտեսությունն առհասարակ։ Նույնիսկ ադրբեջանցի փորձագետները արդեն լիաթոք ձայնով հայտարարում են, որ կորոնավիրուսային համավարակի բերած համաշխարհային տնտեսական ճգնաժամը էականորեն հարվածել է նաեւ Ադրբեջանի տնտեսությանը։ Սա իրականություն է, սակայն եթե անկեղծ լինենք, ապա ադրբեջանական տնտեսությունում առաջին խռխռոցները սկսեցին լսվել շատ ավելի վաղ՝ նավթի գնի վայրիվերումների հետ։ Արդեն մի քանի տարի, ինչ նավթի գնի վայրիվերումներն են սկսվել, Ադրբեջանի տնտեսությունը ցնցվում է, ինչը կարելի է նկատել ընդհուպ մինչեւ պաշտոնական վիճակագրության մեջ արտացոլված վարկային բեռի մեծացման եւ խնդրահարույց դարձելիությամբ վարկերի ծավալի աճի միջոցով։ Տնտեսական դժվարությունները բերում են գործարար ակտիվության նվազման, արտադրական ակտիվության անկման, առեւտրի անկման։ Պակասում է սպառումը, պահանջարկը, անկում է ապրում ժողովրդի գնողունակությունը։ Սա իր հերթին բերել է սոցիալական ֆոնի մռյալացման, ինչը հատկապես նկատելի է վերջին շրջանում, դեռ նախքան համավարակը, սոցիալական հիմքով հուզումների առկայությունը շրջաններում։ Ըստ ադրբեջանցի տնտեսագետ Էլշադ Մամեդովի, իրադրությունը մի փոքր մեղմվեց ՕՊԵԿ+ գործարքի գործողության ժամկետի եւ պայմանների հետ կապված որոշումների ընդունումով, սակայն ընդհանուր առմամբ դրությունը բավականին ծանր է։ Եթե զուտ թվերի լեզվով խոսենք, ապա ընթացիկ տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում Ադրբեջանի ՀՆԱ-ն կազմել է 33 միլիարդ 803,9 միլիոն մանաթ, որից նավթային ոլորտի բաժինը կազմել է 23 միլիարդ 43,5 միլիոն մանաթ․ անկումը 2,5 տոկոս։ Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 3393,7 մանաթ, անկումը՝ 3,4 տոկոս։ Տեղի է ունեցել գործազրկության նկատելի աճ, սակայն թե որքան է ավելացել գործազուրկների թիվը, հստակ թվեր ասել մասնագետները դժվարանում են։ Հասկանալու համար գործազրկության աճի մակարդակը, նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության, 212 հազար վարձու աշխատողների աշխատավարձների փոխհատուցման համար, ովքեր այժմ չեն աշխատում համավարակով պայմանավորված, հատկացվել է մոտ 100 միլիոն մանաթ, իսկ մոտ 106 հազար փոքր բիզնեսի ոլորտի ձեռնարկություններին աջակցելու համար հատկացվել է 63 միլիոն մանաթ։ Կես միլիարդ մանաթով միայն սուբսիդավորվել է տուժած ոլորտների վարկային պարտավորությունները։ Սրանք թվեր են, որոնք խոսում են այն մասին, որ Ալիեւի կլանի համար հիմա ամենալավ ժամանակները չեն եւ առանց այն էլ նախապանդեմիական շրջանում նավթի գնի եւ մանաթի փոխարժեքի վայրիվերումներով առաջացած տնտեսական խութերը այսօր արդեն ճեղքեր են դարձել եւ հավակնում են վերածվել անունդների։