Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի կողմից կատարված աշխատաշուկայի վերլուծության արդյունքներով շուկայի ընկերությունների 37,5%-ը դիմել է աշխատողների կրճատման, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մնացած գրոծատուները (53,3%) պատրաստվում են դիմել կրճատումների, իսկ որ ավելի վատ է, արդեն իսկ կրճատումների դիմած գործատուների 22,2%-ը պատրաստվում է էլի դիմել նման քայլի:

Ընդ որում, աշխատակիցներին կրճատելու ճանապարհը չընտրած կազմակերպությունների միայն 25%-ն է պահպանել նախաճգնաժամային վճարման չափը: Կրճատումներ կատարած աշխատավարձի մակարդակը չի պահպանվել։ Այսպես, այդ ընկերությունների 25%-ը վճարում է հիմնական աշխատավարձի միայն երկու երրորդը, իսկ մնացածը՝ 50% և պակաս։

Սա ընդամենը ոլորտներից մեկի այսօրվա վիճակագրությունն է: Բայց սա այն ոլորտն է, որը ՀՆԱ կառուցվածքում առաջին տեղը զբաղեցնող ճյուղի՝ «Առևտուր և ծառայություններ», բաղադրիչն է:

Ե՛վ այս, և՛ այլ ոլորտների այսօրվա իրավիճակն ուղիղ համեմատական է Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության:

Այս պահից գոնե Կառավարությունն իր առջև պետք է դնի ոլորտային ուսումնասիրությունների առաջնահերթություն՝ հստակ ունենալով առնվազն մի քանի հարցերի պատասխաններ, համապատասխան լուծումներ.

1. Աշխատակաշուկայի ուսումնասիրություն՝ ըստ ոլորտների. տնտեսության որ ճյուղում քանի աշխատող կա:

2. Տնտեսության ամենաշատ տուժած ճյուղերի ուսումնասիրություն, այդ թվում՝
աշխատաշուկայի վրա հետևանքների ճշգրտում:

3. Առավել շատ տուժած ոլորտների համար հակաճգնաժամային միջոցառումների վերանայում, այդ թվում՝
հարկ եղած դեպքում հարկային արտոնությունների տրամադրում:

4. Առավել հաճախակի ու թիրախային հանդիպումներ ոլորտային ներկայացուցիչների հետ: Ընդ որում, պարտադիր չէ՝ հանդիպումները վերածվեն վարչապետի PR ակցիայի: Ավելին՝ վարչապետը կարող է անգամ ներկա չգտնվել, փոխարենն ամեն ճյուղի թիրախային խմբի հետ ոլորտի պետական պատասխանատու մարմնի ներկայացուցիչները հանդիպեն, հավաքագրեն խնդիրները, որոնց բախվել է տնտեսվարողը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել