Քաղաքական տաքսի - #3
Ես չգիտեմ, թե ում անունից է խոսում Նիկոլ Փաշինյանը, երբ օրը տաս անգամ գոռում է` ժողովու՜րդը, ժողովու՜րդը (չնայած, վերջերս կարծեք էլ չի անում): Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց ՉՈՒՆԻ ժողովրդի մեծամասնության վստահությունը: ՉՈՒՆԻ և վերջակետ: Ու այս մասին բոլորից լավ գիտի հենց ինքը: Գիտի իրեն հասանելի բաց ու փակ աղբյուրներից:
Ֆեյսբուքյան իրականությունից դուրս` իրական կյանքում, Նիկոլ Փաշինյանն այսօր միայն անցյալի` 2018 թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունների քաղաքական հուշ է: Ոմանց համար ցավ ու լավատեսությանը փոխարինած հիասթափություն արթնացնող, մյուսների համար` դեռ մի քիչ թմրեցնող ու վրա հասած իրականությունից փախչելու հուշ...
Ուշադրություն դարձրե՛ք, Նիկոլ Փաշինյանն այսօր չկա բոլոր այն խոսակցություններում ու քննարկումներում, որոնք վերաբերում են ապագային: Անգամ նրա հատուկենտ աջակիցները ապագային վերաբերող քննարկումներում ոչ մի ձևով չեն կարողանում տեղավորել Նիկոլ Փաշինյանին:
Նա անգամ չկա ու չի տեղավորվում այնտեղ, ուր քննարկվում է ներկան` այսօրը: Եթե անգամ կա, ապա միայն ու միայն ժողովրդի հույսերն ու լավատեսությունը քամուն տալու, պետությունն ու նրա ազգային նկարագիրը կազմաքանդելու, երկիրն իր արտաքին բարեկամներից ու ընկերներից զրկելու կոնտեքստում:
Նա այսօր կա ու մնացել է միայն անցյալին վերաբերող խոսակցություններում: Էլի, ուշադրություն դարձրե՛ք ու կհամոզվեք, թե էս փոքրիկ նկատառումը որքան խոսուն է: Երբ նա խոսում է 2050 թ. մասին, անգամ նրա աջակիցների դեմքին է ծիծաղ գալիս: Ինչու՞: Որովհետև բոլորը հասկանում են, որ նա ապագայի մեջ չի տեղավորվում: Նա ոմանց համար դեռ «համոզիչ» է միայն այն դեպքում, երբ ստվերի նման իր կողքին քայլում է անցյալը, երբ ինքը խոսում է անցյալից` «կոպեկ առ կոպեկ» և այլն: Այս ամենն իրականում ենթագիտակցական փախուստ է ներկայից ու ապագայից: Այն ապագայից, որ անխուսափելիորեն վրա է հասնելու, ու որտեղ Նիկոլ Փաշինյանը ոչ մի ձև չկա ու ոչ մի ձև չի տեղավորվում:
Հ.Գ. Փնտրվում է տաքսու վարորդ, ով շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի աջակիցը: Մեր ուժերով չենք կարողանում գտնել, չնայած շաբաթվա մեջ միայն 10 վարորդի ես եմ հանդիպում ու առաջարկում: Ցանկացողները կարող են զանգահարել 041708838 հեռախոսահամարով: