Այսօր ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը հրճվանքով ազդարարեց` Եվրոպական միությունն ու Հայաստանը հաջողությամբ ավարտել են բանակցությունները Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) մասին, և Հայաստանը պատրաստ է այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում նախաստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման, ինչպես նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերը: Ստիպված եմ այս ոգևորության վրա սառը ցնցուղ լցնել հետևյալ հիմնավորմամբ: Հաշվի առնելով, որ քաղաքակիրթ աշխարհի հետ հարաբերվելու մեր միակ դարպասը Վրաստանն է, ուստի ուզենք, թե չուզենք մեր արտաքին քաղաքական վեկտորը պետք է համահունչ լինի Վրաստանի ուղղության հետ, որպեսզի ավելի չմեկուսանանք աշխարհից: Բայց Վրաստանն արդեն 2003-ի վերջերից, իսկ ավելի լայն թափով՝ 2004-ից, հստակ ու ագրեսիվ քայլերով բռնել էր Եվրաինտեգրացիայի ճանապարհը: Իսկ մենք, դրան հակառակ, ավելի ճիշտ՝ վրացիների ինադու, ցանկացանք մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ին ցուցադրել մեր հավատարմությունը ու ամեն առիթով մեր մի ռազմավարական օբյեկտ հանձնել նրան: Ավելին, նաև այնպիսի փաստաթղթեր ստորագրել, որով մեր կախվածությունը Ռուսաստանից ավելի էր ընդգծվում: Այսինքն` երբ, պատկերավոր ասած, Բրյուսելի գնացքը կանգնած էր Բագրատաշենում, մենք բեռով-բարձով ճամփա ընկանք դեպի Ռուսատան: Ինչի արդյունքում, ֆուտբոլային տերմինով ասած, բաց թողեցինք դեպքի ԵՄ գնալու տրանսֆերային պատուհանը: Հիմա վիճակը միանգամայն այլ է: ՌԴ-ն այս տարիներին ավելի է հզորացել, ու նրա հետ հաշվի չնստելը դժվար է անգամ աշխարհի թիվ մեկ երկրի համար, էլ ուր մնաց մեզ, այն էլ այսպիսի կախվածության բեռով: Բայց մեր որոշ դիվանագետներ ուզում են մեր ռազմավարական դաշնակցին ասել, թե նրա հետ ունեցած համապարփակ գործընկերությունից ցանկանում ենք առանձնացնել տնտեսականը, քանի որ այդ առումով մեզ ձեռնտու է ԵՄ-ի հետ գործընկեր լինել: Այսինքն` աշխարհում վարվող բազմապիսի քաղաքականություններից մենք, չգիտես ինչու, մեր ռազմավարական գործընկերոջ հետ որոշեցինք հարաբերվել Ալ Կապոնեի գործելաոճով, ասել է թե՝ սա բիզնես է, ոչ մի անձնական բան: Պատահական չէ, որ հենց դրանից շատ չանցած մեզ «կապոնեությամբ» էլ հակադարձեցին՝ Ադրբեջանին մեկ միլիարդ դոլարի զենք վաճառելով: Ասեմ ավելին` ՌԴ-ն պատրաստվում է մեր «կապոնեությանը» պատասխանել Վիտո Կառլեոնեի ձևով, ինչի արդյունքում նա մեզ այնպիսի առաջարկություն կանի, որից մենք հրաժարվել չենք կարող: Իսկ դա առաջին հերթին գազը չէ: Տվյալ պարագայում դա շատ փոքր հարց է այն վտանգի հանդեպ, որը մեզ սպասվում է: Կանքը ցույց է տվել, որ հետխորհրդային դեռ ոչ մի երկրի չի հաջողվել բռնել Արևմուտքի ճամփան ու վիճելի տարածքները չկորցնել, ավելի ճիշտ, որ Ռուսատանն այդ տարածքերն իր հսկողության տակ չառնի: Պատահական չէ, որ Ադրբեջանը մի փոքր նահանջեց ԵՄ-ի հետ ասոցացման իր ծրագրերից, որպեսզի մեր ռազմավարական գործընկերոջ անուղղակի աջակցությամբ լուծի Ղարաբաղի հարցը: Իսկ որևէ մեկը մեզ կարո՞ղ է ասել, թե այդ դեպքում մենք ինչպե՞ս ենք պահելու Ղարաբաղը, երբ ՌԴ-ն լրջորեն շահագրգռված է, որ Հայաստանը կորցնելու դեպքում Ղարաբաղը գոնե վերցնի իր հսկողության տակ: Եվ հանկարծ չզարմանաք, որ իր այդ պլանների իրագործման ճանապարհին հակադրի Գյուլիստանի պայմանագիրը Թուրքմենչայի պայմանագրին ու տեր կանգնի իր վաղեմի տարածքներին: Ես չեմ բացառում, որ մեր այս չհիմնավորված ոգևորության պարագայում հենց Լեռնային Ղարաբաղը մեր ռազմավարական գործընկերոջ վաճառած հարձակողական զենքերի հարվածների տակ պարտադրված լինի որոշում կայացնել` օգտվելով իր ինքնորոշման իրավունքից, որ պատրաստ է միանալ Ռուսաստանին, միայն թե փրկի իր երկիրը ավերումից ու իր ժողովրդին ֆիզիկական բնաջնջումից: Ու եթե դրա մեղավորը մեր թշնամին է, ապա այդ վիճակին հասցնելու մեղավորին հաստատ մեր մեջ պետք է փնտրենք: Դե եթե այսքան տարվա մեր պայքարի գինը պետք է լինի հրաժարվել Ղարաբաղից հօգուտ Ռուսաստանի, միայն թե Եվրոպա գնանք, ավելի լավ է ժողովրդի հետ անկեղծ լինեին ու սկզբից ասեին, մենք էլ որոշեինք` պատրաստ ենք վճարել այդ գինը կամ Եվրոպա գնալ այդ գնով՝ կորցրած Ղարաբաղը: Իսկ դա` լավագույն դեպքում, քանի որ չի բացառվում, որ որոշ լուրջ պայմանավորվածությունների արդյունքում Ղարաբաղը անցնի Ադրբեջանին: Ու հանկարծ չկարծեք, թե Վրաստանից ավելի կարևոր դաշնակից ենք Արևմուտքի համար, երբ նա իր համար ամենաբարենպաստ պահին կռիվ տվեց Աբխազիան ու Հարավային Օսիան իրեն միացնելու համար ու գործնականում կորցրեց դրանք: Այնպես որ, մեզ համար «Բրյուսելի գնացքը» վաղուց է գնացել, և մենք, հանկարծ տարիներ անց գլխի ընկնելով, որ լավ շանս ենք բաց թողել, ուզում ենք վազելով հետևից հասնել` հասկանալով, որ հնարավոր չէ, իրերը թողել ենք Մոսկվայի Կուրսկի կայարանում ու ինքնամոռաց վազում ենք Բրյուսելի գնացքի հետևից: Կարծում եմ՝ գնացքին չենք հասնի, իսկ մեր իրերն էլ Մոսկվայից հետ չենք ստանա: Այնպես որ, առաջիկայում մեզ համար Վրաստանի միջոցով դարձյալ պատուհան է բացվում, բայց այս անգամ մենք այլևս ստիպված ու գիտակցաբար պետք է հրաժարվենք այս հնարավորությունից, քանի որ մեր ընտրությունը կատարել ենք առաջին շանսի չօգտագործման պարագայով պայմանավորված, իսկ հիմա պետք է փաստենք, որ լավագույն տարբերակը գործընթացները դանդաղեցնելն է ու ոչ մի պարագայում դեպի Եվրոպա մեր հարաբերությունները չխորացնելը՝ Ադրբեջանից առաջ ընկելով, քանի դեռ Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծումը միջազգայնորեն չի ամրագրվել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/desicdenicblog/posts/208517852637579
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել