Politik.am-ը գրում է․
Նախօրեին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային վերջին էսկալացիային։ Բավական ճիշտ եւ գրագետ տեքստում ուշագրավ էր թերեւս այն, որ նախ կարծես թե չկային ադրբեջանցիներին արդարացնելու փորձեր, ինչը նշանակում է, որ կարելի է համարել Փաշինյան-Ալիեւ «քիրվայական մեղրամիսը» վերջացած, գոնե այս փուլում եւ ապա կար անդրադարձ այն բանին, որ հրադադարի վերականգնման ուղղությամբ կարեւոր ջանքեր է ներդրել Ռուսաստանը եւ իր ԱԳՆ-ի եւ ԶՈՒ ԳՇ միջոցով։ Սա թերեւս իշխանության ներսում եղած «սորոսական» խմբի համար ամենից տհաճ պահն էր, պսեւդո-պացիֆիզմից ազատագրված ելույթի ընդհանուր շեշտադրումներից բացի, քանի որ ամեն բան նրանք ունակ են լսելու, բայց ոչ երբեք դրական խոսք Ռուսաստանի հասցեին։ Հատկանշական է, որ Փաշինյանը Ռուսաստանի մասին հիշատակում դրական տոնայնությամբ կատարում է Մարգարիտա Սիմոնյանի եւ Տիգրան Քյոսայանի հայտարարություններից հետո։ Կարելի է ենթադրել, որ մենք եւ շատ այլոք ճիշտ էին, երբ ասում էին, որ Մարգարիտայի եւ Տիգրանի հայտարարությունները պետք է հասկանալ որպես Կրեմլի տեսակետ՝ արտահայտված կիսապաշտոնական եղանակով։ Ցանկություն կա հուսալու, որ Փաշինյանին մեսիջը տեղ է հասել ու նաեւ հնարավոր է նա փորձում է հայ-ռուսական հարաբերություններում եղած լարվածությունը թուլացնել։ Իհարկե, եթե հավատանք Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի այն դիտարկմանը, թե երբ Փաշինյանը ինչ որ թեմայի մասին է խոսում, ուրեմն «տակը մի վատ բան կա», չենք կարող չբացառել, որ հնարավոր է լինի հակառակը եւ հայ-ռուսական հարաբերություններում լարումը ավելանա, սակայն գոնե առայժմ փորձենք հուսադրվել լավատեսությամբ։ Նշված հայտարարությունը՝ հրադադարի վերականգնման գործում Ռուսաստանի ունեցած կարեւոր դերակատարության մասին, նաեւ ներքին լսարանին էր ուղղված, որտեղ հասկանալիորեն Ռուսաստանի հանդեպ դրական տրամադրվածությամբ մարդիկ բացարձակ մեծամասնություն են կազմում, անկախ Արեւմուտքի շահերը սպասարկողների սոցհարցումներից։ Այս հայտարարությունը նաեւ իր սուր ծայրով ուղղված էր Արեւմուտքին եւ վերջինիս շահերը Հայաստանում սպասարկող «սորոսականներին»։ Ռուսաստանը ջանքեր ներդրեց եւ վերականգնեց հրադադարը, իսկ ինչ արեց Արեւմուտքը․ օրը մեկը մի կոչ-հորդոր կարդաց զսպվածության եւ հրադադարի վերականգնման ուղղությամբ բայց զրոյական գործնական քայլ․ ԱՄՆ-ն մի ձեռքով հորդորում էր, մյուսով Ադրբեջանը հավասարեցնում Ուկրաինային, Մոլդովային եւ Վրաստանին, Մեծ Բրիտանիան կեսբերան հորդորում էր, իսկ իր BP-ի միջոցով համատեղ ձեռնարություն ստեղծում Թուրքիայում ադրբեջանական «ՍՕԿԱՐ»-ի հետ՝ 2 միլիարդ դոլար մոտ, ծավալով ներդրումներ ներարկելով թուրքական պետության տնտեսության մեջ։ Եթե իրոք Փաշինյանը դասեր է քաղել, ապա իրավիճակը նման է Սահակաշվիլու հուշերում տեղ գտած մի դրվագի, որտեղ Պուտին-Սահակաշվիլի հանդիպման ժամանակ Պուտինը նշել է, որ Արեւմուտքը Սահակաշվիլուն շատ բան է խոստացել, բայց ոչինչ չի անի, իսկ ինքը չի խոստանում, բայց անում է։