Aravot.am-ը գրում է․
Aravot.am-ը ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի՝ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր Ալբերտ Մակարյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի է հայ գրականության չափորոշչի եւ ծրագրի մասին: Պարոն Մակարյանն ասաց, որ լիովին կիսում է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի նորագույն գրականության ամբիոնի վարիչ Սեյրան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը եւ լրիվ համամիտ է նրա հետ:
Նա դժգոհեց, որ չափորոշիչը եւ ծրագիրը մշակելիս իրենցից կարծիք չեն հարցրել. «Ով է հրավիրել ինձ, մի բան հարցրե՞լ են: Մեզ հաշվի չեն առնում, իրենք ունեն իրենց որոշակի միջավայրը, մարդիկ, ում հետ ինչ ուզում՝ անում են: Ես կարծում եմ, որ, օրինակ, Նար-Դոսի «Աննա Սարոյան» վիպակը պետք է դպրոց վերադառնա: Կյանքի եւ մահվան հիմնախնդիրն է արծարծվում, ինքնասպանությունների համապատկերում տեսնում եք՝ ինչ է կատարվում,իսկ դա երեխային կկոփի 7-րդ , 8-րդ, 9-րդ, 10-րդ դասարաններում: 12-ում կարելի է դնել «Պայքար» վեպը՝ սիրո, ընտանիքի, բարոյականության մասին: Դրանք հավերժական երեւույթներ են…
Սեյրան Գրիգորյան. «Գրականություն» անկապ առարկայի նոր ծրագրի հեղինակները որոշել են, որ հայկական դպրոցի 12-դ դասարանցի պատանիները Նարեկացու «Մատյանի» փոխարեն պիտի կարդան և վերլուծեն ժամանակակից գռեհկաբան արձակագիր ոմն Արմեն Օհանյանի ստեղծագործությունները։ Վայելե՛ք այս աղբը, սիրելի՛ երեխաներ»: Սեյրան Գրիգորյանը դրել էն այն ժամանակակից գրող Արմեն Օհանյանից մի կտոր՝ «տկլորվեմ, մեյդան ընկնեմ ու քո համար վերջին անգամ վառեմ Րաֆֆու կայծերը»… Ձե՞ռ եք առնում, ինչպե՞ս կարելի է….Սա դեմարշ է տոհմիկ գրականության դեմ…Եթե մեզ հրավիրեին, մենք մի խորհուրդ կտայինք, չէր լինի նաեւ ընդունելության քննությունների խայտառակությունը, կառաջարկեինք Ռուսաստանի նման գոնե երկու քննություն: Ինչո՞ւ պետք է հայերենը չլիներ, երբ ամբողջ օրը գոռում են պետական լեզու…
Ես կարծում եմ, որ այսօր շատ սխալ ճանապարհով է գնում կրթությունը, եղած բաներն էլ վերացնում են, մինչդեռ այնքան գեղեցիկ բաներ կան, որ կարելի է բերել գրականություն: Րաֆֆին միայն «Սամվելը» չի գրել, թեեւ եթե լավ վերլուծես, կհասկանաս, որ Սամվելը հո հենց այնպես չսպանե՛ց հորն ու մորը…»: