Կընդունե՞ք, պարոն վարչապետ, որ «մենք ճիշտ էինք, Դուք՝ սխալ»:
«Ստեղծված իրավիճակում խիստ կարևոր է ԵԱՀԿ մոնիթորինգի կարողությունների ընդլայնումը»․ Ն. Փաշինյան:
Ուղղակի հրաշալի է, պարոն վարչապետ, որ վերջապես այս մտքին եք հանգել, ցավոք, շատ թանկ գին վճարելով:
5 քաջ տղաների կյանքի գնով:
Սահմանամերձ գյուղերի անմեղ երեխաների անամպ մանկության մեջ դրոշմված կրակոցների անջնջելի հետքի գնով:
Խաղաղ գյուղացիների ավիրված տների, անգամ մանկապարտեզի գնով:
Զինծառայողների մայրերի և կանանց անքուն գիշերների, աղոթքների և արցունքների գնով:
Տեսա՞ք, պարոն վարչապետ, մեր բանակն ապացուցեց, որ ունի խելացի և պատրաստված հրամանատարներ և քաջ զինվորներ, որ փայլուն տիրապետում են հակառակորդին լռեցնելու մարտավարությանը, ունակ են հետ մղելու անգամ հատուկ նշանակության ջոկատները, և կարիք չկա անհասկանալի «խաղաղության նախապատրաստումների», մենք պատրաստ ենք:
Գիտե՞ք, պարոն վարչապետ, թե ինչպիսի ջանքեր են գործադրվել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում, որպեսզի հասնենք նրան, որ ԵԱՀԿ մոնիթորինգի կարողությունների ընդլայնումը պարտադրվի Ադրբեջանին:
Հիշո՞ւմ եք, պարոն վարչապետ, թե երբ և ինչպես այդ պարտադրումը դուրս եկավ շրջանառությունից: Հուշեմ՝ մի խորհրդավոր վերելակում մի «կիրթ» մարդու հետ Ձեր հանդիպումից հետո:
Տեղյա՞կ եք, պարոն վարչապետ, որ «կառուցողական» հակառակորդն այդ հանդիպումից հետո նոր թափով լծվեց իր դիրքերի «կառուցապատմանը»՝ ռազմական և դիվանագիտական դիրքերի:
Այդ չարաբաստիկ վերելակից ի վեր այս ողջ ընթացքում բազմաթիվ մասնագետներ, փորձագետներ, քաղաքական գործիչներ թմբկահարում էին ԵԱՀԿ մոնիթորինգի կարողությունների ընդլայման անհրաժեշտության մասին, իսկ Դուք բաժանարար գիծ քաշեցիք և անգամ Ձեր այլախոհներին անվանեցիք «շնաբարո դուրսպրծուկներ»:
Անգամ այս օրերին Դուք և Ձեր թիմը զերծ չմնացիք «ներքին թշնամու» դեմ Ձեր պայքարից, երբ ամբողջ հասարակությունն իրոք մի բռունցք էր դարձել:
Այո, պարոն վարչապետ, ԵԱՀԿ մոնիթորինգի կարողությունները պետք է ընդլայնել, ուստի և ընդունե՛ք դասական, իսկ Ձեզ համար ճակատագրական դարձած արտահայտության փոխակերպումը.
«Մենք ճիշտ էինք, Դուք՝ սխալ…»: