Analitik.am-ը գրում է․
Այսօր գործարար Օնիկ Կարապետյանը NEWS.am–ին հայտնել էր, որ Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը` Ռոբերտ Սուքիասյանը «Սիլ Կոնցեռն»-ի գրասենյակում թիկնապահի հետ ծեծի է ենթարկել իրեն։ Վերջինս պատմել էր, որ Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայր Ռոբերտն իր թիկնազորի պետի (մականունը եզ Արտաշ) հետ ծեծի են ենթարկել իրեն՝ հասցնելով մարմնական վնասվածքներ․ Ըստ տուժող գործարարի, Սուքիասյանը փորձել է ինչ-որ գումար «ստանալ» իրենից․ «Ես ասացի՝ ոչ մեկին էլ պարտք չեմ, ու էդ խոսքիս վրա Ռուբենն էր ու իր ախռանի պետ Արտաշը սկսեցին հարվածել ինձ, դեմքիս ու գլխիս էին խփում, քիթս ջարդել են։ Ինձ ասացին՝ աջ ու ձախ չանես, ոչ մի տեղ չգնաս, չբողոքես, մեկ ա՝ վարչապետն էլ ա մեր յանից, ոստիկանությունն էլ»։
Նշենք, որ Կարապետյանը քթի վիրահատության է ենթարկվել։ Հուլիսի 22-ին՝ ժամը 4-ին, ոստիկանության Էրեբունի բաժնում Կարապետյանը հաղորդում է ներկայացրել և հայտնել, որ նախորդ օրը՝ ժամը 23։00-ին, «Սիլ Կոնցեռն»-ի գրասենյակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ իրեն ծեծի են ենթարկել։
Analitik.am-ի տեղեկություններով, մինչ այս պահն իրավապահ մարմինները որևէ գործողություն չեն ձեռնարկել գործարար Կարապետյանին ծեծի ենթարկած Խաչատուր Սուքիասյանի եղբոր նկատմամբ։ Ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրի, նոր Հայաստանում որևէ իրավապահ չի համարձակվում գործողություններ անել Սուքիասյանների հետ կապված, քանի որ վերջիններս գտնվում են իշխանության հովանավորչության ներքո և անձեռնմխելի են։
Հայտնի է նաև այն, որ Սուքիասյանների շահերն անթաքույց սպասարկում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոյանը, ով դեռևս Երևանի ավագանու անդամ եղած ժամանակ զբաղված էր Սուքիասյանների շահերի բացահայտ առաջմղմամբ, այժմ էլ նույն գործունեությունն է ծավալում՝ արդեն Ազգային ժողովում։
Հատկանշական է նաև այն, որ «Գռզո» մականունով օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը և իր մերձավորները հաճախ են հայտնվում նման իրավիճակներում, սակայն իրավապահների լուռ համաձայնությամբ այդպես էլ որևէ քայլ չի ձեռնարկվում․ Հիշեցնենք, որ 2018 թվականի փետրվարին Հրազդան գետից մահացած դուրս բերվեց 26-ամյա Վարդան Մնացականյանը, ով աշխատում էր «Ռոսիա» տոնավաճառում և դեպքին նախորդած օրը կոնֆլիկտ էր ունեցել տոնավաճառի անվտանգության աշխատակիցների հետ։ «Ռոսիա» տոնավաճառի տնօրենն է նույն «եզ Արտաշ» մականվանբ թիկնապահը: Վարդանի քույրը պնդում էր, որ իր եղբայրն ինքնասպան չի եղել, սակայն չձեռնարկվեցին միջոցներ՝ պարզելու համար, թե ինչ առնչություն են ունեցել երիտասարդի մահվան հետ օլիգարխ Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները։ Նշենք, որ դեպքից կարճ ժամանակ անց տեղի ունեցավ «թավշյա հեղափոխությունը», և Սուքիասյանները, միանգամից հայտնվեցին նոր Հայաստանի անձեռնմխելիների և անպատժելիների ցուցակի առաջին հորիզոնականում:
Ամենայն հավանականությամբ, գործարար Օնիկ Կարապետյանին ծեծի ենթարկելու դեպքն էլ է կոծկվելու, քանի որ օլիգարխի կողմից կատարված հնարավոր հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ է իշխանության «դաբրոն», որը չի կարող տրվել, քանի որ, ինչպես նշեցինք, Սուքիասյաններն անձեռնմխելի են։
Զարմանալի է նաև այն, որ նախկինում յուրաքանչյուր փոքրիկ թեմայից աղմուկ բարձրացնող իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող անձինք այժմ լռում են՝ աչք փակելով Սուքիասյանների կողմից կատարվող արարքների վրա, որոնք այդպես էլ որևէ իրավական հետևանք չեն ունենում նոր Հայաստանում։ Տարօրինակ է նաև սորոսական ԶԼՄ-ների աջակցությունը Սուքիասյանների ընտանիքին։ Սորոսական քարոզչամեքենան ամեն կերպ փորձում է հերքել իշխանության հովանավորչությունը վայելող օլիգարխի ընտանիքի անդամի կողմից ծեծի ենթարկված, մարմնական լուրջ վնասվածքներ ստացած տուժողի խոսքերն։ Ի դեպ, տարածվող տեսանյութի հետ կապված, որով փորձում են հերքել Կարապետյանի ասածը, մի վարկած կա առ այն, որ տեսանյութում մուտքի և ելքի կադրերն արվել են տարբեր օրերին՝ հիմք է վերցված այն, որ մուտք գործելիս և ելնելիս տարբեր է կոշիկների գույնը և այլն։
Փաստացի, կարող ենք արձանագրել, որ հաստատում քայլերով վերադառնում ենք 90-ականներ, երբ որոշ քրեաօլիգարխիկ տարրեր իշխանության հովանավորչությունն էին վայելում և որևէ պատասխանատվության չէին ենթարկվում իրենց կատարած օրինախախտ արարքների համար, այսքանով արձանագրենք, որ 90-ականների ոգով նոր Հայաստանում անձեռնմխելիների ցանկում իր «պատվավոր» տեղն ունի նաև «Գռզո» մականունով օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը։