Գիտնականներին վաղուց հայտնի է, որ Խաղաղ օվկիանոսում նոր մայրցամաք է կազմավորվել, սակայն դրա վրայով անցնել հնարավոր չէ, քանի որ «ցամաքը» կազմված է պլաստիկից: Դա Մեծ խաղաղօվկիանոսյան աղբի հետքն է կամ Արևելյան աղբային մայրցամաքը: Այն գտնվում է մոտավորապես Կալիֆոռնիայի և Հավայան կղզիների միջև և պարզ երևում է Տիեզերքից արված լուսանկարներում: Աղբի կղզու տարածքը կազմում է ավելի քան 1,6 մլն քկմ, ինչը մոտավորապես հավասարվում է Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի և եվրոպական մի քանի այլ երկրների տարածքներին:

Խաղաղ օվկիանոսի այս տարածքում հավաքվել է մոտ 80,000 տոննա պլաստիկ: Օվկիանոսային և մթնոլորտային ուսումնասիրությունների ազգային ղեկավարությունը կանխատեսել է աղբի այս կղզու գոյությունը դեռ 1988 թ.: Այն առաջին անգամ նկատել է ամերիկացի Չարլզ Մուրը 1977 թ: Ի սկզբանե հասարակությունը լուրջ չէր վերաբերվում օվկիանոսի այս հատվածի վերաբերյալ տղամարդու խոսքերին, սակայն մի օր փոթորիկը Հավայան կղզիների ափ նետեց տոննաներով պլաստիկ, և բոլորը սկսեցին հավատալ «կղզու» գոյությանը:

Ցավոք, հայտնաբերման պահից ի վեր աղբի քանակը միայն մեծանում է: Մի մասը օվկիանոս լցնում են նավերից, մյուսը՝ ափերից և այլն: Բնականաբար, պլաստիկի առկայությունն իր ազդեցությունն է ունենում ստորջրյա բնակիչների վրա: Ի տարբերություն այլ աղբի, որը ենթակա է կենսաքայքայման, պլաստիկը ժամանակի ընթացքում պարզապես մանր մասերի է բաժանվում, սակայն չի վերանում: Ձկները հաճախ դրանք շփոթում են պլանկտոնների հետ, ուտում, ապա տարբեր աստիճանի թունավորումներ ստանում: Քիչ վնաս չեն հասցնում նաև ձկնորսական ցանցերը, որոնցում խճճվում և մահանում են կրիաները, դելֆինները: Ծովային շատ կենդանիներ թափանցիկ տոպրակները շփոթում են մեդուզաների հետ և ուտում դրանք: Գիտնականների հաշվարկների համաձայն՝ խաղաղօվկիանոսյան աղբը վնասում է ավելի քան 200 ծովային կենդանատեսակի:

Այսօր աղբի կղզու վերացման համար աշխատում են մի շարք միջազգային, տեղական կազմակերպություններ և անհատներ: Ըստ որոշ ծրագրերի՝ քրտնաջան աշխատանքի արդյունքում 2040 թ. հնարավոր կլինի հավաքել այնտեղից պլաստիկի շուրջ 90%-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել