«Երեւանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում խնամվող երեխաները եւ աշխատակիցները հաղթահարել են կորոնավիրուսի վարակը: Այս մասին հաղորդում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:

Հիշեցնենք, որ 2020 թ.-ի հունիսի 8-ին մանկատանն արձանագրվել էր կորոնավիրուսով վարակվածության 13 դեպք՝ 4 աշխատակից եւ 9 երեխա: Վարակված փոքրիկների եւ մանկատան աշխատակիցների բուժումն ու խնամքը անմիջապես ստանձնել են «Արաբկիր» բժշկական համալիր – երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մանկատանը խնամվում են առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն ունեցող երեխաներ:

Ստեղծված իրավիճակում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը եւ «Արաբկիր» բժշկական կենտրոնի մասնագետներին մեծապես աջակցել է «Իզմիրլյան» հիմնադրամը, որն ապահովել է բժիշկներին անհրաժեշտ արտահագուստով, տրամադրել ախտահանիչ եւ կանխարգելիչ մի շարք միջոցներ:

«Մարի Իզմիրլյան մանկատանը COVID 19-ի հետ կապված բժշկական եւ կանխարգելիչ ծառայությունների մատուցում» ծրագրի շրջանակում «Իզմիրլյան հիմնադրամը» աջակցություն է ցուցաբերել, ընդհանուր առմամբ, 102 երեխաների եւ 123 աշխատակցի: Ծրագրի անուղղակի շահառուներն են նաեւ մանկատան անձնակազմի ընտանիքները:

Նշենք, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, «Արաբկիր» բժշկական կենտրոնի եւ «Իզմիրլյան հիմնադրամի» համատեղ ջանքերի արդյունքում մանկատանն այլեւս վարակ չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել