Պարզվում է՝ բակտերիաները կարող են օգտակար լինել էներգիա ստեղծելու գործում: Բանն այն է, որ դրանցից որոշներն ունակ են սեփական էլեկտրականությունը ստեղծելու: Գիտնականներն այս հայտնագործությունը ոչ մի կերպ չէին կարող առանց ուշադրության թողնել, չէ՞ որ դա նշանակում է, որ բակտերիաները մարդկությանը կարող են անգնահատելի օգնություն ցուցաբերել: Մինչ օրս բակտերիաներից էներգիա ստանալու բոլոր փորձերն անհաջող ավարտ են ունեցել, սակայն բոլորովին վերջերս այս հարցում հեղաշրջում կատարեցին գերմանացի գիտնականները: Նրանց հայտնագործությունը վկայում է այն մասին, որ շուտով մարդկությունը կկարողանա օգտագործել այնպիսի էներգիա, որն արտադրում են հատուկ միկրոօրգանիզմները:

Հայտնագործությունը պատկանում է Կառլսրեուի տեխնոլոգիական համալսարանի գիտնականներին, որոնք ստեղծել են մի համակարգ և այն անվանել բիոհիբրիդային: Այս համակարգը հիդրոգելի օգնությամբ ունակ է արդյունավետորեն հավաքելու բակտերիաների էներգիան: Բակտերիաները, որոնք օգտագործվելու են, կոչվում են էկզոէլեկտրոգեններ: Վերջինս բակտերիաների ընտանիք է, որը կարողանում է էլեկտրոններ արտադրել:

Այս գործընթացում կա մի հիմնական բարդություն․ դեռևս չեն գտնվել այնպիսի նյութեր, որոնք կապահովեն էներգիայի տեղափոխումը: Նման լարերն անհրաժեշտ են էնեկտրոններն էլեկտրոդներին միացնելու համար: Մինչ այժմ փորձարկված բոլոր տարբերակներն արդյունք չեն տվել: Հենց այդ պատճառով էլ նոր նյութ են ստեղծել, որը կազմված է նանոխողովակներից, որոնք էլիրենց հերթին պատրաստված են ածխածնից:

Մասնագետները չեն մոռացել այն մասին, որ «կենդանի լիցքավորիչներին» հարկավոր է նաև անջատել: Երբ հիդրոգելն արդեն անպետք է դառնում, դրանում ավելացնում են ֆերմենտ, որը կտրում է ԴՆԹ թելը, և նյութն ինքնուրույնաբար քայքայվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել