Բոլորը տեղյակ են, որ աշխարհում կա փղի ընդամենը երկու տեսակ՝ հնդկական և աֆրիկյան: Սակայն այս ողջ ընթացքում ցամաքային այս հսկա կենդանու տեսակների հետևում թաքնվել է նաև երրորդ տեսակը, որը հայտնաբերվել է միայն 10 տարի առաջ: Ծանոթացե՛ք, անտառային փիղն է՝ մամոնտի ուղիղ հետնորդը, որը թաքնվում էր աֆրիկյան ջունգլիներում:
Գիտնականներին մեղադրել պետք չէ այն բանի համար, որ մինչ օրս չեն իմացել փղի այս տեսակի գոյության մասին: Իրականում նրա մասին իմացել են վաղուց, սակայն այլ անունով: Ողջ ընթացքում անտառային փղին դասել են աֆրիկյան փղի ենթատեսակների շարքին, քանի որ դրանք գրեթե ոչնչով չեն առանձնացել:
Սակայն գենետիկան ուսումնասիրելու արդյունքում պարզ է դարձել, որ անտառային փղերը աֆրիկյան փղերից անջատվել են 5 միլիոն տարի առաջ, և որ նրանք անգամ մերձավոր տեսակներ չեն: Անտառային փիղը եվրոպական մամոնտի ուղիղ ժառանգն է, իսկ մամոնտն ապրել է 12 միլիոն տարի առաջ:

Չնայած այդքան հին լինելուն՝ անտառային փիղն ընտանիքում չափսերով ամենափոքրն է. այն ունի ընդամենը 2,5 մ բարձրություն և կշռում է 2,700-3,000 կգ: Դրանք ունեն օդափոխիչ մեծ ականջներ, որոնք աֆրիկյան թեժ շոգերին հովացնում են կեդանուն, ինչպես նաև բազմաֆունկցիոնալ կնճիթ:
Սակայն անտառային կյանքը փոփոխություններ է մտցրել փղի այս տեսակի կյանքում: Աֆրիկյան ջունգլիների ճահիճներում չընկղմվելու համար փղերի ոտքերը վերածվել են «ամենագնացների». դրանք ունակ են անցնելու յուրաքանչյուր անհաղթահարելի ճանապարհ:

Անտառային փիղն իրական հողագործ է, որն իր հետևից ծաղկող այգիներ է թողնում: Անցնելով մարսողական համակարգով՝ բույսերի սերմերը, որոնք նախորդ օրը կերած է լինում փիղը, դուրս են գալիս բնական ճանապարհով և նորից աճում՝ արդեն հարստացած լինելով օրգանական նյութերով:
Փղի այս տեսակի ներկայացուցիչները միայնակ չեն տեղաշարժվում. նրանք դա անում են միայն ընտանեկան խմբերով, որոնք բաղկացած են 8 փղից: Եթե այդ խումբը հայտնվի որևէ պլանտացիայում, ապա բերքին հարկավոր կլինի հրաժեշտ տալ: Հենց այդ պատճառով էլ հաճախ անտառային փղերին սպանում են ֆերմերները:



