Politik.am-ը գրում է․
Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուն պես իր առաջ խնդիր էր դրել ապացուցելու, որ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ չկան և իր նախկին հակառուս կեցվածքը չի խանգարում երկու պետությունների հարաբերություններին։
2018 թվականի օգոստոսի 17-ին իր կառավարման 100 օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հայ-ռուսական «աննախադեպ հումանիտար» ձեռնարկի մասին: Օրեր անց հայտնի դարձավ, որ իշխանությունները պատրաստվում են զորախումբ ուղարկել Սիրիա։
Այս հանգամանքը բացահայտեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Իշխանությունները Հայաստանի սահմաններից դուրս զորախումբ կարող էին ուղարկել միայն միջազգային պայմանագրի հիման վրա, որը պետք է վավերացված լիներ Ազգային Ժողովի կողմից։ Քանի որ չկար միջազգային պայմանգիր, իշխանությունները փորձեցին համոզել, որ Սիրիա մեկնող խումը մասնագետների խումբ է և ոչ զորախումբ։ Այս մասին Արմեն Աշոտյանը գրել էր․ «Անկախ նրանից, թե գործուղվող մարդիկ ինչ մասնագիտություն ունեն՝ բժիշկ, սակրավոր, վարորդ են, եթե նրանք զինված ուժերի ծառայողներ են, ապա ենթարկվում են ԶՈւ-ի մասին ՀՀ օրենքին, ըստ որի՝ նրանք կարող են ծառայել Հայաստանից դուրս բացառապես միջազգային պայմանագրերի հիման վրա: Սա շատ կարևոր նրբություն է: Գործող իշխանությունները ջանքուեռանդ չեն խնայում, որպեսզի ոտնահարեն Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մասին օրենքը, որի համաձայն՝ Հայաստանի տարածքից դուրս խաղաղապահ կամ ռազմական գործողություններին մեր զինված ուժերը կարող են մասնակցել միայն միջազգային պայմանագրով (4-րդ հոդված, 5-րդ մաս): Նման միջազգային պայմանագիր չի նախապատրաստվում, և Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է այս հարցը լուծել առանց նոր փաստաթղթի: Սա ոչ միայն իրավական հրամայական է, այլև Սիրիա գործուղվող մեր զինվորների համար երաշխիքների և պահպանության ամրագրման կարևրոագույն գործիք: Կարելի է կռահել, որ առանց պայմանագրի, սուսուփուս Սիրիա հայակական զորախումբ ուղարկելու նախաձեռնությունը մի կողմից նապատակ ունի քողարկելու իրականում հենց զորախումբ ուժեր ուղարկելու փաստը, մյուս կողմից՝ հնարավորինս աննկատ անելու դա՝ չհրահրելով Արևմուտքի հավելյալ ուշադրությունն ու քննադատությունը»:
Արմեն Աշոտյանի իրավական հիմնավորված պնդումներին ի պատասխան իշխանությունները շարունակում էին հավատացնել, որ Սիրիա զորախումբ չի ուղարկվել։ Ազգային Ժողովում լրագրողների հարցին ի պատասխան իմքայլական Ռուբեն Ռուբինյանը «զորախումբ» տերմինը գնահատել էր «շատ սխալ ձևակերպում»․ «Դուք սխալվում եք, սխալ եք ձեւակերպում ձեր հարցը,Սիրիա զորք չի ուղարկվել, սա շատ սխալ ձեւակերպում է, Սիրիա մասնագետների խումբ է ուղարկվել, եւ սա էապես փոխում է հարցը։ Երկրորդը՝ Պաշտպանության նախարարությունը իր հաղորդագրության մեջ հստակ նշել է այն իրավական հիմքերը, որոնց հիման վրա մասնագետների խումբն ուղարկվել էր Սիրիա»,– ասել էր Ռուբեն Ռուբինյանը։
Այս իրադարձությունից ուղիղ երկու տարի անց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը «Пограничная ZONA» հաղորդման ժամանակ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին հայտարարում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ զորք է ուղարկել Սիրիա․ «Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում արել է այնքան բան, որ երբեք չի արել։ Մենք զորք ուղարկեցինք Սիրիա, մեր ռուս գործընկերների հետ»,-հայտարարել է Սիմոնյանը։
Ըստ էության Սիմոնյանը միամտաբար հաստատել է ընդդիմադիրների այն մեղադրանքը, ըստ որի Փաշինյանի իշխանությունը Սահմանադրության և օրենքների խախտմամբ՝ շրջանցելով ԱԺ-ն զորք է ուղարկել Սիրիա։