Factor.am-ը գրում է․

Ուկրաինայի խորհրդարանի արդեն երրորդ պատգամավորը քննադատել է երկրի ԱԳՆ-ի ադրբեջանամետ հայտարարությունը: AnalitikaUA.net-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի պատգամավորական ընկերախմբի ղեկավար Արտյոմ Դմիտրուկն անվանել է անխոհեմ երկրի ԱԳՆ-ի հայտարարությունը հայ-ադրբեջանական հակամարտության մասին:

«Համարում եմ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության գործողություններն ու հայտարարությունները հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ բացարձակ անխոհեմ եւ չմտածված»,-հայտարարել է Դմիտրուկը instagram-ում:

«Տասնամյակներ շարունակ կառուցվող դիվանագիտական հարաբերությունները կարող են քայքայվել ինչ-որ պաշտոնյայի ընդամենը մեկ հայտարարության արդյունքում: Եւ նախքան ինչ-որ բան ասելը պետք է հարյուր անգամ մտածել ձեր բառերի հետեւանքների մասին:

ԱԳ նախարարությանը կցանկանայի հիշեցնել իր աշխատանքի առաջնային եւ հիմնական խնդիրների մասին՝ Ուկրաինայի իմիջի, հեղինակության պահպանում համաշխարհային շուկայում, ինչպես նաեւ այլ երկրների հետ ընկերական եւ գործընկերային հարաբերություններ կառուցելու անհրաժեշտություն, եւ ոչ հակառակը:

Նախօրեին Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը կտրուկ քննադատել էին Ուկրաինայի Գերագույն ռադայի երկու պատգամավոր — Դարյա Վոլոդինան և Անտոն Պոլյակովը, իսկ Ուկրաինայի Հայերի միությունն իր ուղերձում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ արտահայտություններն անվանել է չհիմնավորված եւ անհասկանալի:

Ինչպես հայտնի է, ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն հանդես էր եկել ի աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության՝ չնայած նոր էսկալացիան նախաձեռնել էր հենց Ադրբեջանը, ընդ որում՝ ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել