Armenpress.am-ը գրում է․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միության գործընկերներին առաջարկում է համավարակի պայմաններում  հանձնարարել հանձնաժողովին անդամ երկրների հետ համատեղ մշակել և ներկայացնել ԵԱՏՄ սննդի անվտանգության հայեցակարգ: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Բելառուսում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում իր ելույթում:

Փաշինյանը նախ ընդգծեց հանրային առողջության և սանիտարահամաճարակային բարեկեցության միջոցառումների կարևորությունը` կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու համար: Նա կարևորեց առանձնահատուկ ուշադրություն դարձնել ԵԱՏՄ-ի սննդի անվտանգության խնդրին: «Սննդի անվտանգության հետ կապված հարցերը միշտ եղել են մեր ուշադրության կենտրոնում, և, որքանով ես տեղյակ եմ, այս ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են որոշակի նախնական աշխատանքներ ԵԱՏՄ շրջանակներում: Ավելին, 2025 ռազմավարության մեջ մենք պայմանավորվեցինք մշակել «ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության ընդհանուր սկզբունքներ և մոտեցումներ»: Սակայն համավարակի պայմաններում այս խնդրի լուծումը դարձել է հատկապես արդիական, ուստի, հարգելի գործընկերներ, առաջարկում եմ հանձնարարել Հանձնաժողովին երկրների հետ համատեղ մշակել և ներկայացնել են ԵԱՏՄ սննդի անվտանգության դոկտրինա (հայեցակարգ)»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց նաև, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել և վերահաստատում է իր ցանկությունը՝ կազմակերպել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական հանդիպումը Երևանում 2020-ի տարվա հոկտեմբերին: 

Մինսկում անցկացված ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Կուբատբեկ Բորոնովը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Նիստին մասնակցում է նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել