«Մի քանի ամիս է` ամուսնացած ենք, սակայն սեռական կյանքում ինդիրներ ունենք, ավելի ճիշտ` ես ունեմ և ամաչում եմ այդ մասին բացահայտ խոսել ամուսնուս հետ, չգիտեմ` ինչպես սկսել»:
Նունե, 26 տ.
Սեքսը խոսքերի կարիք չունի: Բայց դա միայն այն դեպքում, երբ ամեն ինչ հաճելի է և քո ուզածի պես: Սակայն լինում են դեպքեր, երբ ճիշտ ժամանակին ասված խոսքերը կարող են փրկել «խորտակվող» հարաբերությունները:
Հաճախ սեքսուալ կյանքում դժգոհ կանայք նույնիսկ չեն էլ փորձում զուգընկերոջ հետ զրուցել իրենց գաղտնի ցանկությունների մասին` վախենալով նրան վիրավորել կամ բարկացնել: Ինտիմ զրույցը հետաձգում են մի շաբաթով, ամսով, տարով... Եվ իզուր: Որովհետև հոգու խորքում այդ ընթացում կուտակվում են չիրականացված ցանկությունները, թաքնված վիրավորանքները, իսկ այդ ամենը ձեր սիրո աշունը գարուն չի դարձնում: Սերը ենթադրում է փոխգործակցություն, հետևաբար, հաճույքը պետք է ստանան երկու զուգընկերներն էլ: Եվ եթե քնքուշ հպումները, ամաչկոտ ակնարկներն ու խոսուն հայացքները չեն բավականացնում միմյանց հասկանալու համար, ուրեմն ժամանակն է ամեն ինչի մասին խոսել անկեղծ ու շիտակ` առանց ամաչելու ու շիկնելու:
Օգնիր ինքդ քեզ: Ապացուցված գիտական փաստ է` այն կանայք, որոնք չեն ամաչում բացեիբաց ասել զուգընկերոջը իրենց ինտիմ ցանկությունների մասին, ավելի հեշտությամբ են օրգազմի հասնում և միանգամայն գոհ են իրենց սեռական կյանքից:
Կարևորը` մտքերդ հստակ արտահայտելն է: Տղամարդիկ կոնկրետ մտածողներ են, այդ պատճառով նրանց հետ ինտիմ հարցերը քննարկելիս խուսափեք երկիմաստ ակնարկներից ու թերի մտքերից: «Այդպես չէ... մի քիչ ձախ... չէ, ավելի ձախ, ավելի ուժեղ...» շշնջալու փոխարեն` հստակ ասեք` ինչպիսի հպումներ ու քնքշանքներ եք ուզում: Հնարավոր է նաև, որ երկարատև նախերգանքը ձեզ այլևս չի գրգռում, և ցանկանում եք ավելի արագ սեքս` բուռն էմոցիաներով ու պատռված զուգագուլպաներով: Փորձեք քննարկել դա սիրելիի հետ. հնարավոր է` նա նույնպես երազում է այդ մասին: Ժամանակին ֆրանսիացի գրող Ալֆոնս Կարրը ասել է. «Եթե տղամարդիկ կարողանային կարդալ կանանց մտքերը, ավելի վճռական կլինեին»:
Ընտրեք ճիշտ պահը: Չարժե ինտիմ հարցեր քննարկել հենց սեքսի ժամանակ: Անշուշտ, որոշ գործողություններ կարելի է նրան հուշել, շարժումները ուղղորդել, բայց ահա երկար զրույցներ ծավալել պարզապես անիմաստ կլինի, քանի որ ուղեղն այդ պահին կրքից մշուշապատ է: Ինտիմ զրույցի համար ընտրեք հարմար ժամանակ և վայր. օրինակ` երբ սեքսից հետո իրար գրկած պառկել եք, կամ բնության գրկում պարզապես զբոսնելիս:
Ինտիմ թեմայով զրույցը պահանջում է նրբանկատություն ու տակտ, և վատ չի լինի, եթե նախապես ձևակերպեք այն խոսքերը, որոնք ցանկանում եք ասել նրան: Ի դեպ, ապացուցված է, որ սեքսի մասին անկեղծ զրույցները ավելի են ջերմացնում հարաբերությունները, ուժեղանում է տղամարդկանց սեռական ցանկությունը, և չի բացառվում, որ նման զրույցին անմիջապես հաջորդի աննման և երկար հիշվող սեքսը:
Մի մոռացեք գովել: Գաղտնիք չէ, որ տղամարդիկ սիրում են աչքերով, իսկ կանայք` ականջներով: Տղամարդիկ ավելի շատ գրգռվում են տեսողական տպավորություններից, իսկ կանայք` անկողնում տեղին ասված քնքուշ խոսքից: Սակայն պարզվել է, որ արական սեռական ներկայացուցիչները նույնպես դեմ չեն իրենց հասցեին մի քանի քաղցր խոսք լսել: Տղամարդկանց զգալի մասը ցանկանում է սեքսի ժամանակ լսել, որ իրենք հիանալի սիրեկաններն են, որ կարողանում են լիարժեք բավարարել զուգընկերուհուն և հաճելի պահեր պարգևել: Ընդ որում, տղամարդիկ ցանկանում են լսել միանգամայն կոնկրետ գովեստներ` նրանց ճիշտ գործողությունների ու ստացած հաճույքի մանրամասն նկարագրությամբ:
Եվ այսպես, սկսելով զրույցը` սկզբում գովեք նրան: Հասկացնել տվեք, որ նա ձեզ մեծագույն հաճույք է պարգևում, գովեք նրա կոնկրետ գործողությունը, ինչպես, օրինակ` «Ինձ այնքան դուր է գալիս, որ դու համբուրում ես իմ կուրծք»: Նման գովեստից հետո տղամարդկանց ինքնագնահատականը բարձրանում է և նույնիսկ սարեր շուռ տալու ցանկություն է առաջանում, միայն թե ձեզ ավելի շատ հաճույք պատճառի: Բայց երբեք չափը մի անցեք և ասեք միայն ճշմարտությունը: Չափազանցված հիացմունքն ու միանման հերթապահ հաճոյախոսությունները անմիջապես առիթ կդառնան, որ նա կասկածի տակ առնի ձեր անկեղծությունը:
Երբեմն ավելի լավ է լռել: Որքան էլ անկեղծ եք դուք նրա հետ, այնուամենայնիվ, կան թեմաներ, որոնց մասին ցանկալի չէ տղամարդկանց հետ զրուցել: Անզգույշ ու ակամայից ասված արտահայտությունը կարող է լրջորեն խոցել տղամարդուն և նույնիսկ հոգեբանական լուրջ խնդիրներ առաջացնել: Այդպիսի թեմաներից է նրանց թերությունների, հատկապես սեքսուալ թերությունների քննարկումը, որքան էլ դրանք ակնհայտ ու սովորական թվան: Տղամարդիկ հաճույքով քննարկում են ուրիշի թերությունները, բայց ահա ամենչնչին ակնարկը նրանց անկատարելության մասին վիրավորում և նույնիսկ զայրացնում է նրանց: Կարծում եք` եթե դժգոհեք, որ նրա մեծ փորը մի օր կխեղդի ձեզ, նա անմիջապես կվազի մարզասրահ և կսկսի խրտնած կերպով ազատվել ավելորդ կիլագրամներից: Իհարկե, ոչ: Նա, ամենայն հավանականությամբ, կգնա մոտակա գարեջրատուն` վիրավորանքը գարեջրով մաքրելու և իր կիլոգրամներին ևս մի քանիսն ավելացնելու համար:
Տղամարդիկ հատկապես հիվանդագին են մոտենում արական «հպարտության» մասին հայտնած բացասական կարծիքներին: Առնանդամը կարծես տղամարդկանց երկրորդ «ես»-ը լինի, նրանց փոքր տարբերակը: Այնպես որ, նրա առնանդամը տեսնելով` մտքներովդ էլ չանցնի ասել «Այս ինչ հիասքանչ փոքրիկ է»: Եթե նույնիսկ դուք չափսերը նկատի չունեք, միևնույնն է, տղամարդը դա վիրավորանք կհամարի, ինչն էլ տխուր վերջաբան կունենա:
Մի շտապիր: Եթե ամուսինդ խուսափում է սեքսի մասին բացահայտ զրույցից, չնայած ձեր բազմաթիվ փորձերին, մի շտապեցրեք նրան: Եթե սեքսը ձեզ սկզբունքորեն բավարարում է, և գնահատականը «չորսից հանած» է, ուրեմն չարժե պահանջել սեքսուալ կյանքի բարելավում և սեքսուալ երազանքների վայրկենական իրականացում: Հարգանքով մոտեցեք նրա սպասմանը: Ամենայն հավանականությամբ, սիրող ամուսինը կլսի ձեր խնդրանքները և անպայման կիրականացնի դրանք: Իսկ եթե ամուսնական ստուգատեսը ձեզ մշտապես տխրության ու անբավարարության մեջ է թողնում, ուրեմն անկեղծ զրույցը իրոք անհրաժեշտ է: Ծայրահեղ դեպքում կարող եք դիմել սեքսոպաթոլոգի օգնությանը:
Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Մ. Հերացու անվան
ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,
սեքսոպաթոլոգիայի կլինիկայի
բժիշկ-սեքսոպաթոլոգ