ՆՐԱ ՄԱՍԻՆ, ԻՆՉ ՇԱՏԵՐԸ ՎԱԽԵՆՈւՄ ԵՆ ԽՈՍԵԼ ...
Բոլոր նրանք, ովքեր ասում են, թե այս պահին չի կարելի քննադատել իշխանությանը, ըստ էության, ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին:
Հայաստանի այս ղեկավարը նույնպես իր նախորդների պես դիվանագիտական պարտության գիծ է բռնել: Չառաջանալու, երկրի աշխարհագրական տարածքը չմեծացնելու, մաքսիմալ հնարավոր նոր դիրքեր չազատագրելու, վախվորածության, անթույլատրելի զիջումների ու էլի թշնամուն զինադադար նվիրելու քաղաքականություն է վարվում:
Մենք Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին ու Սարգսյանին այդ նույն բաներն անելու համար մեղադրում ենք պետական դավաճանության մեջ:
Այս մեկն ուղղակի կրկնում է նրանց ճամփան` մի փոքր թյունինգ անելով այն և մի քանի դիրք ազատագրելը ներկայացնելով որպես խոշոր, աննախադեպ նվաճում: Դա ավելի վտանգավոր է, որովհետև հիմա նույն գիծը դրանով վարվում է` ժողովրդին խաբելով, իբրև թե հակառակն է:
Բայց փաստ է, որ տարածքների իսկական, հնարավորի առավելագույն չափով և համակարգային բարելավում չեղավ: Թշնամու դիակները հանձնվեցին թշնամուն` նրա ձեռքում թողնելով նաև մեր չորս գերիներին և հիմա իշխանությունը գնում է զինադադարի, որ Ադրբեջանին նոր շանս է տալու` վերակազմակերպվելու և սրանից էլ նոր դասեր քաղելով` ավելի լավ պատրաստվելու հաջորդ հարձակմանը:
Ես չգիտեմ, թե այս ամենն ով ինչպես է կոչում: Անձամբ ինձ համար սա վերջին երեսուն տարիների դավաճանական գծի և քաղաքականության շարունակությունն է և ոչինչ ավելի:
Եվ սա ավելի վատ է, իհարկե, որովհետև եթե նախկինում դա բացահայտ էր արվում, ապա այժմ` ծածուկ ու արվողի ճիշտ հակառակը ներկայացնելով, արած մի քանի փոքրիկ կարևոր ձեռքբերումները շեփորահարելով ու խնկարկելով ու հասարակությանը հիմարացնելով:
Եվ դրան նպաստում են այն դավադիրների կամ իրականությունը չհասկացողների ճնշումը, թե իբրև թե հիմա չի կարելի քննադատել, կամ էլ թե՝ իբրև թե իշխանությունն անում է մարտի դաշտում այն ամենն, ինչ կարող է և կարելի է:
Տգիտության, խաբկանքի կամ հանրային կույր ճնշման մամլիչը լռեցրել է բազում մարդկանց, որոնք հասկանում են սա, բայց վախենում են զանգվածային ցասման թիրախ դառնալ:
Ես չեմ վախենում: Ես խոսում եմ և խոսելու եմ: Եվ առկա իրավիճակը նախորդ օրերի ռազմական հրաշալի գործողություններից հետո քաղաքական, դիվանագիտական ու դրա արդյունքում նաև ռազմի դաշտում իրականում վատ դեժավյուի է վերածվում:
Մենք էլի պատմական շանս ենք կորցնում ու մեզ դատապարտում նորանոր ռիսկերի, զոհերի և պատերազմական վտանգավոր գործողությունների: Եվ մեր լռության, տգիտության ու թողտվության համար մենք էլի բարձր գին ենք վճարելու: