Politik.am-ը գրում է․
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից սկսված լարվածության եւ ռազմական բախումների մասին, մի քանի օրվա լռությունից հետո խոսել է ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցնող Արմեն Սարգսյանը։
Փորձելով մնալ այս օրերի հայրենասիրական մթնոլորտին համահունչ, նա մասնավորապես ասել է․ «Եթե Ադրբեջանը նախընտրում է ուժի լեզուն,ապա, մեր ողջ խաղաղասիրությամբ հանդերձ, մենք պատրաստ ենք առնվազն համարժեք պատասխանել մեր սահմանի, մեր քաղաքացու, մեր ընտանիքի, մեր օջախի վրա հարձակված թշնամուն...Մենք շարունակելու ենք հաղթել, որովհետև ունենք խիզախ զինվոր, խիզախ սպա, խիզախ գեներալ և հաղթական բանակ։ Բանակ, որը մեր միասնության, հպարտության և ազգային արժանապատվության ամուր սյունն է»։
Ինչ խոսք, լավ պատրաստված խոսք է, հատկապես այն մասում, երբ գովասանքի խոսքեր է ասվում բանակին, այն համարելով մեր միասնականության, հպարտության եւ ազգային արժանապատվության սյունը։ Սակայն Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը թերեւս մոռանում է, որ «Բանակ, որը մեր միասնության, հպարտության և ազգային արժանապատվության ամուր սյունն է» խոսքն ուղղված է իր դեմ, որովհետեւ իր երկու որդիներն էլ զինվորական ծառայություն չեն անցել։ Ժամանակին նա ամեն բան արել է, որպեսի իր որդիները հեռու լինեն մեր «ազգային արժանապատվության հենասյունից»։
Ստացվում է, որ Արմեն Սարգսյանի հայրենասիրությունը եւս շղարշային է, ինչպես բանակից խուսափած շատ իշխանավորների մոտ, որոնք այս օրերին սկսել են բանակը գովերգել, մոռանալով, որ իրենք բանակի հետ կապ ունեն այնքան, որքան մերունի խոզը գեղասահքի աշխարհի առաջնության։ Ու այստեղ հարց է առաջանում, եթե բանակը արժանապատվության սյուն է, ապա որդիներին բանակից ազատած Արմեն Սարգսյանը այդ արժանապատվությունից չունի՞ եւ քիչ է, թե չունի, նաեւ հանրային կերպով այդ մասին ասում է։