Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ կառավարության նիստի ընթացքում կոշտ քննադատություն է հնչեցրել արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հասցեին՝ պնդելով, թե հուլիսի 12-ին բոլոր նախարարները եղել են աշխատասենյակներում՝ բացի Մամեդյարովից։
«Ես չկարողացա գտնել նրան, նա աշխատասենյակում չէր», - դժգոհել է Ալիևը՝ Մամեդյարովին մեղադրելով անպատասխանատվության մեջ:
Այս հայտարարությունից հետո Մամեդյարովի պաշտոնանկության կամ հրաժարականի հարցը կարելի է լուծված համարել, ավելին՝ նա փաստորեն «նշանակվում» է Բաքվի վերջին օրերի ռազմա-քաղաքական ֆիասկոյի հիմնական պատասխանատու։
Սա, իհարկե, խնդրի այսբերգային կամ մակերեսային հարթությունն է, որովհետև Մամաեդյարովի պաշտոնանկությունը կանխորոշվել էր շատ ավելի վաղ՝ մինչև Ադրբեջանի հերթական ռազմական ավանտյուրան։
Մամեդյարովը վերջերս կոռուպցիոն սկանդալի կենտրոնում էր հայտնվել ինչպես իր ղեկավարած կառույցում, այնպես էլ որդու անվան հետ կապվող աղմկահարույց պատմությունների պատճառով:
Ադրբեջանի իշխանությունը գտնվում է ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ, ինչը սրել է պայքարը կառավարող կլանի ներսում, ու հենց դա է Մամեդյարովի հրաժարականի իրական պատճառը․ ըստ ամենայնի, ԱԳՆ-ում նույնպես ուժեղանալու են Մեհրիբան Ալիևայի դիրքերը։
Առաջնագծում հակառակորդի ակնհայտ ձախողումներն ավելի են սրելու իշխանության ճգնաժամը Բաքվում։ Նախօրեին Բաքվում Ալիևի կազմակերպած հայրենասիրական «երթը» ինչ-որ պահի դուրս եկավ վերահսկողությունից՝ վտանգելով անգամ խորհրդարանի շենքը։ Երկու օր առաջ Ալիևի ռեժիմին հաջողվեց վիճակը վերահսկելի դարձնել, սակայն միշտ հիշել է պետք, որ իշխանության կազմակերպած բեմականացումից մինչև իրական հեղափոխություն կես քայլ է։