«Ընդդիմադիր քաղաքական ուժ»` գեղեցիկ է չէ՞ հնչում: Ցավոք սրտի, Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ «ընդդիմադիր քաղաքական ուժ» հասկացողությունը ուղղակի գեղեցիկ է հնչում, ոչ ավել: Այսօր կարելի է միանշանակ ասել, որ մեր ընդդիմադիր ուժերն ուղղակի պարալիզացված են, նրանց կենսունակ քայլերի մասին այլևս ոչ ոք չի էլ խոսում, նրանցից ժողովուրդն այլևս ոչինչ չի էլ ակնկալում, նրանք ուղղակի «մարգինալացված» վիճակում են: Ժողովրդական լեզվով ասած՝ ընդամենը գոյատևում են, ավելի դիպուկ ասած` ապրում են երբեմնի հիշողություններով: Հանրության խնդիրների հանդեպ այն անտարբերությունը, որ նրանք ցուցաբերում են, արդեն զզվելի է դառնում: Մեղմ ասած` նրանք ոչնչով չեն զբաղվում, ուղղակի դիտում են, թե ինքնաբուխ շարժումներն ինչ են անում: Նրանց կեցվածքի զավեշտը այն է, որ նրանք, չցուցաբերով ոչ մի նախաձեռնություն, համբերատար սպասում են, թե այս կամ այն խումբն իր ընդվզումներով ինչ արդյունքների է հասնում, այնուհետ, եթե նկատում են, որ այս կամ այն քաղաքացիական նախաձեռնությանը, այնուամենայնիվ, հաջողվել է արթնացնել մարդկանց, նրանք, ցուցաբերելով իրենց պատրաստակամությունը և անպայման նշելով, որ իրենք ժողովրդի հետ են, կոչով միանում են տվյալ ինքնաբուխ շարժմանը: Քանի որ այս հոդվածը երևութային է, ես չէի ցանկանա այստեղ ի ապացույց որոշ ընդդիմադիրների մատնանշել, սակայն ես քաջ գիտակցում եմ, որ դուք բոլորդ լավ հասկանում եք, թե որ ընդդիմադիրների մասին է խոսքը: Այս քաղաքական գործիչներին չգիտես, թե ինչու թվում է, որ իրենք մեծ լավություն են անում, երբ միանում են ինքնաբուխ շարժումներին` չհասկանալով, որ իրենք այսօր ժողովրդի կողմից այնպես են վարկաբեկված, որ միայն իրենց առկա լինելը տվյալ քաղաքացիական նախաձեռնության մեջ արդեն իսկ արժեզրկում է տվյալ նախաձեռնության ընդվզումները: Կցանկանայի ավարտել Մեծն պոետի` Հ. Թումանյանի բառերով. «Տեր հայր, քո խունկն ու մոմը մեզ պետք չէ, դու աշխատիր մեր ժամում քիչ երևա, մեզ մեր եղած խունկն ու մոմն էլ է հերիք…»:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=24404
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել