Արդեն 5-րդ օրն է, ինչ շարունակվում է սոցիալական բունտը՝ ուղղված հասարակական տրանսպորտի թանկացման դեմ: Մենք ամեն օր հետևում ենք զարգացումներին, ակցիաներին ու նախաձեռնություններին, բայց շատերը կարծես չեն նկատում այն խորքային գործողությունները, որոնք տեղ են գտնում այս ողջ ժամանակահատվածում, ու էլ ավելի քչերն են նկատում այս իրարանցման հիմնական մեղավոր գորշ կարդինալներին: Քաղաքագիտական տեսանկյունից այս 5 օրվա ընթացքում ամենահետաքրքիրը, ի՞նչ խոսք, Գագիկ Բեգլարյանի գործողություններն էին: Եթե հիշում եք, բողոքի ալիքը սկսվեց ու թափ առավ անմիջապես այն բանից հետո, երբ կապի ու տրանսպորտի նախարարը հայտարարեց, որ տրանսպորտի թանկացումը լինելու է և լինելու է ի օգուտ ժողովրդի: Նրա խոսքերից կարելի էր եզրակացնել, որ թանկանալու է ինչպես քաղաքային, այնպես էլ միջքաղաքային տրանսպորտի սակագինը: Տարոնը հավատաց Բեգլարյանին ու իր իրավասությունների շրջանակներում թանկացրեց քաղաքային տրանսպորտի սակագինը` ի դեպ չունենալով դա հաստատող և ոչ մի իրավական ակտ: Իսկ ի՞նչ արեց Բեգլարյանը... Իսկ Բեգլարյանը բլեֆ էր անում, ինչպես հետո պարզվեց, ու ի տարբերություն Տարոնի` հոպ ասելուց հետո չցատկեց: Ավելին, սկսեց հնարավորինս աննկատ կատալիզացնել Երևանում ծավալվող բողոքային տրամադրությունները ու մատնանշել թանկացման հիմնական պատասխանատուին: Իսկ այսօր էլ Տարոնի սասանված հեղինակությանը հասցրեց հերթական ցավոտ հարվածը: Այսօր ՀԺ-ն գրեց, որ ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունը փոշմանել է միջմարզային ու միջպետական ուղևորափոխադրումների սակագնի բարձրացման հարցում։ Արդյունքում ունենք հետևյալ իմիջային պատկերը՝ չար ու ագահ Երևանի քաղաքապետարանը թանկացրեց տրանսպորտը, իսկ բարի ու ժողովրդասեր Կապի ու տրանսպորտի նախարարությունը մերժեց այդ նենգ գծատերերի գրպանը լցնելու համար առաջարկված սակագնի թանկացման հայտը: Ի՞նչ խոսք, գեղեցիկ իրականացված պադստավկա էր Բեգլարյանի կողմից, որի հետևանքները դեռ չենք հասցրել տեսնել ու ընկալել: Իսկ դուք ասում եք` Հայաստանում քաղաքականություն չկա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել