Օքսֆորդի համալսարանի եւ Լոնդոնի հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի գիտնականները պարզել են կորոնավիրուսով վարակվելիս մահվան ռիսկը մեծացնող հիմնական գործոնները: Այս մասին հաղորդվում է Nature ամսագրում հրապարակված հոդվածում:
Այս ուսումնասիրության շրջանակներում փորձագետները վերլուծել են 17 միլիոն մարդու առողջական տվյալները (որոնցից 10.926-ը մահացել է COVID-19-ի հետեւանքով առաջացած բարդություններից) եւ կարողացել են հաստատել ավելի վաղ արված եզրակացություններն առ այն, որ վարակը հատկապես վտանգավոր է տարեցների, քրոնիկ հիվանդություններ ունեցող տղամարդկանց եւ սեւամորթ ռասայի ներկայացուցիչների համար:
Ըստ Medportal-ի՝ գիտնականները պարզել են, որ 80 տարեկանից բարձր հիվանդները 20 անգամ ավելի հաճախ են մահանում կորոնավիրուսից, քան 50-ից բարձր մարդիկ, եւ հարյուրավոր անգամներ ավելի հաճախ, քան 40 տարեկանից երիտասարդ հիվանդները:
Հետազոտությունը եւս մեկ անգամ հաստատել է, որ տղամարդիկ ավելի շատ հակված են բարդությունների եւ մահվան COVID-19-ի հետեւանքով, քան կանայք: Քրոնիկ հիվանդությունները, ինչպիսիք են ճարպակալումը, շաքարախտը, ծանր ասթման եւ իմունային խանգարումները, նույնպես մեծացնում են ծանր ընթացքի եւ մահվան վտանգը: Սոցիալ-տնտեսական գործոնների ազդեցությունը նույնպես մեծ դեր է խաղում. ցածր եկամուտներ եւ կենսապահովման վատ պայմաններ ունեցող անձինք վարակման բարձր ռիսկի տակ են։
Այս հետազոտության շրջանակներում գիտնականները կարողացել են հաստատել այն վարկածը, որ սեւամորթներն ու ասիացիները կորոնավիրուսից մահվան ավելի բարձ ռիկսի տակ են, քան սպիտակամորթ պացիենտները։ Այս միտումը պահպանվել է նաեւ այն բանից հետո, երբ գիտնականները վիճակագրական ճշգրտումներ են ավելացրել անալիզում՝ այնպիսի գործոններ հաշվի առնելու համար, ինչպիսիք են տարիքը, սեռը եւ առողջական վիճակը:
Ըստ New York Times-ի՝ նման իրավիճակ է նկատվում նաեւ Միացյալ Նահանգներում. լատինամերիկացիներն ու աֆրոամերիկացիները 3 անգամ ավելի հաճախ են վարակվում կորոնավիրուսով, այս բնակչության շրջանում մահացությունը երկու անգամ ավելի մեծ է, քան սպիտակամորթ ամերիկացիների մոտ: Այս մարդկանցից շատերն աշխատում են եւ չեն կարող իրենց թույլ տալ տանը մնալ, բացի այդ՝ շատ հաճախ նրանք ապրում են մեծ ընտանիքներում, ծանր պայմաններում: