ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Aravot.am-ի հետ զրույցում պարգևավճարների հարցից հունից դուրս է եկել։ ԱԺ փոխխոսնակը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել լրագրողների հասցեին՝ կրկին մեղադրելով լրատվականներին ծրարով գումար ստանալու մեջ։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում լրատվականների դեմ ուղղված նման հարձակումները։ Խոսքի ազատության դեմ անանուն և անհասցե հարձակումները խաթարւմ են իշխանություն֊լրատվություն֊ հասարակություն կապը։ Անհասցե մեղադրանքները քանիցս կրկնվում են, որոնք որևէ հիմնավորում չունեն։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանն աշխատել է լրատվական դաշտում և հիմա նախկին գործընկերների հասցեին մեղադրանքներ է հնչեցնում։ Փաստացի, ըստ Ալեն Սիմոնյանի, նախկինում էլ է նույն պրակտիկան եղել։ Հորդորում ենք Ալեն Սիմոնյանին չթերագնահատել ԶԼՄ-ներին ու գիտակցել լրագրողների հետ փոխհամագործակցության կարևորությունը։ Մեդիայի դեմ շարունակական հարձակումներով Ալեն Սիմոնյանը հավակնում է ստանալ «Մեդիայի թշնամու» կոչումը։
Ալեն Սիմոնյանին հիշեցնենք, որ խոսքի ազատությունը պաշտպանելն իր սահմանադրական պարտականությունն է, և նա պետք է սատար կանգնի ազատ խոսքին ու մամուլին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MediaAdvocate1/photos/a.673055679775743/1030970433984264/?type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել