Սահմանափակ ֆիզիկական կարողություններ ունեցող մարդկանց համար նախատեսված սայլակները գոյություն են ունեցել դեռ մ.թ.ա. VI դարում: Դատելով այդ ժամանակների պատկերներից՝ դրանք օգտագործել են Չինաստանում, Եգիպտոսում և Հունաստանում:

XVI դարում հաշմանդամության սայլակի նախատիպն օգտագործում էր իսպանացի թագավոր Ֆիլիպ II-ը, ով տառապում էր հոդատապով: Ոտքերի ցավի պատճառով կյանքի վերջին տարիներին նա դժվարությամբ էր ինքնուրույն տեղաշարժվում: Այգում զբոսնելու համար թագավորն օգտագործում էր ոտքերի և մեջքի հարմարություններ ունեցող աթոռ, որը ղեկավարում էր սպասավորը:

XX դարի սկզբին սայլակները պատրաստում էին փայտից, մեծ անիվներից ու ոտքերի համար նախատեսված հենակներից: Հաշմանդամային սայլակների զանգվածային արտադրությունը ԱՄՆ-ում սկսվեց 1930-ական թվականներին: Սակայն դրանք, ինչպես նախկինում, մեծ ու անհարմար էին:

Ինքնուրույն կառավարմամբ ժամանակակից սայլակները ստեղծել է հայազգի Էմիկ Ավագյանը, ով ինքն ի ծնե հաշմանդամ էր: Այդ գյուտի համար նա ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի կողմից մրցանակի է արժանացել:

Էմիկ Ավագյանը ծնվել է 1923 թ. Իրանի Թավրիզ քաղաքում: Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին ուղեղային կաթվածի ծանր տեսակ: Երեխային օգնելու համար Էմիկի ծնողները որոշեցին նրան տանել արտասահմանյան բժիշկների մոտ: Սկզբում ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան, ապա՝ Գերմանիա, և ի վերջո հաստատվեց Նյու Յորքում:

Չնայած հիվանդությանը՝ Էմիկը մեծ հետաքրքրություն էր դրսևորում սովորելու նկատմամբ: Նա գերազանցությամբ ավարտեց Էվրիկի քոլեջը, ապա ուսման անցավ Կոլումբիայի համալսարանում, որտեղ ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառում մագիստրոսի աստիճան ստացավ:

Հիվանդության պատճառով Էմիկը խոսակցական ապարատի հետ կապված դժվարություններ ուներ: Շատերը չէին հասկանում, թե ինչ է նա ասում: Հատկապես բարդ էր նրա համար հաղորդակցվելը տպողների հետ, ովքեր նրա կողմից թելադրվող բառերը հաճախ սխալ էին ընկալում և տպում:

Ուսանողական տարիներին Ավագյանը մտածում էր՝ ինչպես կարելի է ստեղծել գրամեքենա, որը կկարողանա տպել շնչից, այլ ոչ խոսքից: Չնայած որ հորինած սարքի մեխանիզմը շատ դանդաղ էր աշխատում, այնուամենայնիվ, ստեղներին սեղմելու կարիք այլևս չկար:

Այնուհետև Էմիկը որոշեց բարելավել հաշմանդամային սայլակները: Սկզբում նա ստեղծեց համապատասխան սայլակը, որի տեղաշարժման համար այլևս հարկավոր չէր երրորդ անձի օգնություն: Մարդն ինքը կարող էր ինքնուրույն՝ սեփական ձեռքերով ղեկավարել իր սայլակը: Սակայն հետո Ավագյանը կանգ առավ: Նա փորձում էր հասկանալ՝ ինչպես պետք է ծալվի սայլակը, որ տեղավորվի ավտոմեքենայի մեջ: Ապա ստեղծեց ավտոմատիզացված անիվներ, որոնց օգնությամբ սայլակը կարող էր ձեռնայինից ավտոմատ ռեժիմի անցնել:

Ընդհանուր առմամբ Ավագյանը 57 գյուտի հեղինակ է, որոնք բոլորն արտոնագրվել են: Դրանք այնքան մեծ նշանակություն ունեին, որ 1961 թ. Էմիկ Ավագյանը Ջոն Քենեդիի կողմից արժանացավ «Հաշմանդամների կյանքում մեծ ներդրում ունենալու համար» պարգևի: Դրանից հետո նա մի շարք այլ հայտնագործություններ ևս կատարեց և այլ պարգևների ու մրցանակների արժանացավ: Էմիկ Ավագյանն ապրել է 89 տարի և մահացել 2013 թ. հուլիսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել