
Եթե մարդը պատրաստվում է վիրահատության ենթարկվել, ապա սկսում է վախենալ ոչ միայն բուն վիրահատությունից, այլև նարկոզից: Արդյո՞ք նարկոզն իրականում վտանգներ ներկայացնում է: Հարցին պատասխանելու համար հարկավոր է նախևառաջ հասկանալ, թե ինչպես է այն ազդում մարդու օրգանիզմի վրա: Մի հետաքրքրական փաստ ևս. նարկոզն ու անեսթեզիան ամենևին նույն երևույթները չեն:
Ինչպե՞ս է նարկոզն ազդում օրգանիզմի վրա
Անեսթեզիան անզգայացումն է, որն ունի տարբեր տեսակներ, որոնցից մեկը նարկոզն է: Այն անեսթեզիայի ամենուժեղ տեսակն է, որը նաև անվանում են ընդհանուր անզգայացում, քանի որ կիրառում են վիրահատությունների ժամանակ: Նարկոզի դեպքում մարդը ցավ ընդհանրապես չի զգում, սակայն կարող է լսել և անգամ տեսնել, թե ինչ է կատարվում շուրջբոլորը: Նարկոզը կարելի է հավասարեցնել արհեստական կոմային: Այն կաթվածահար է անում մկանները, որոնք ապահովում են շնչառությունը, այդ պատճառով էլ անեսթեզիայի ժամանակ մարդուն հարկավոր է լինում թոքերի արհեստական օդափոխում: Թոքերն ինքնին աշխատում են անեսթեզիայի ժամանակ, սակայն չեն կարողանում ինքնուրույն ներչունչ ու արտաշունչ կատարել, քանի որ շնչառական մկանները ժամանակավորապես չեն աշխատում: Պրեպարատը արգելափակում է օրգանիզմը՝ դարձնելով այն անհասանելի արտաքին ազդակների նկատմամբ: Նարկոզն ինքնին վտանգավոր չէ, եթե մարդուն ճիշտ չափաքանակ ներարկեն:
Վիրահատությունից հետո օրգանիզմն ինքնուրույն վերականգնվում է. ամեն ինչ կախված է անզգայացման մակարդակից: Եթե կատարվել է բարդ վիրահատական միջամտություն, օրինակ՝ սրտի կամ ուղեղի շրջանում, ապա անեսթեզիայից հետո մարդը համեմատաբար երկար ժամանակում կերականգնվի՝ ընդհուպ մինչև մի քանի օր: Անեսթեզիան ազդում է նաև ուղեղի վրա, մասնակի դադարեցնում է դրա աշխատանքը, այդ իսկ պատճառով հաճախ մարդու մոտ ի հայտ են գալիս շփոթվածության, թուլության զգացումներ: Դա բնական է և անհրաժեշտ օրգանիզմի վերականգնման համար: Անեսթեզիոլոգ բժիշկները պետք է ճիշտ հաշվարկեն չափաբաժինը, որպեսզի չվնասեն հիվանդին:
Ռիսկերն անեսթեզիայի ժամանակ
Նարկոզի չափազանց մեծ չափաբաժինը կարող է հանգեցնել անգամ մահվան: Սակայն միաժամանակ հարկ է նշել, որ յուրաքանչյուր վիրահատական միջամտություն ևս ռիսկեր է պարունակում կյանքի համար: Թե ինչպես կարձագանքի օրգանիզմը նարկոզին, երբեք չի կարող հայտնի լինել: Անեսթեզիային միանման ռեակցիաներ չեն լինում: Սակայն, բնականաբար, շատ բան կախված է նաև տարիքից և առողջական վիճակից: Հասկանալի է, որ 12 տարեկան երեխան նարկոզն ավելի լավ կընդունի, քան 90-ամյա տարեցը:
Եթե հիվանդը շնչառական խնդիրներ ունի, ապա մեծ է հավանականությունն այն բանի, որ նարկոզից հետո շնչառության վերականգնման դժվարություններ կառաջանան: Սրտխառնոցն ու փսխումը հաճախ հանդիպող երևույթներ են և վկայում են այն մասին, որ մարդը դուրս է գալիս անեսթեզիայից: Կարևոր է հետևելը, որ չառաջանա հիպերթերմիա՝ վտանգավոր վիճակ, երբ օրգանիզմը շատ է տաքանում արտաքին ազդեցությունների և երկար ժամանակ ջերմություն կուտակելու պատճառով: