Նոր տարին հրաշքների ժամանակ է. շատերն այս մտքին վաղուց այլևս չեն հավատում: Սակայն Կույբիշևում՝ ներկայիս Սամարայում, 1955 թ. տներից մեկում հենց Ամանորին իրական հրաշք տեղի ունեցավ: Կամ էլ տեղի չունեցավ: Այս հարցի շուրջ շարունակում են վիճել առ այսօր: «Քարացած Զոյան» շարունակում է լեգենդ մնալ նաև մեր օրերում:

1955 թ. Ամանորի նախօրեին ոմն Բոլոնկինայի, ով ապրում էր որդու հետ, բնակարանում, հավաքվել էին կոմսոմոլցի երիտասարդներ: Նրանց թվում էր նաև Զոյա Կառնաուխովան: Բոլոր աղջիկներն իրենց զույգերի հետ էին, իսկ Զոյայի զույգը՝ Նիկոլայը, ուշանում էր: Երբ սկսվեցին պարերը, Զոյան զուգընկեր չուներ, այդ իսկ պատճառով որոշեց կատակել. նա վերցրեց ռուսական սրբերից Նիկոլայի սրբապատկերը և հայտնեց, որ հենց այդ Նիկոլայի հետ էլ կպարի: 

Դեպքը տեղի է ունեցել ԽՍՀՄ-ում, որտեղ «կրոնը» աթեիզմն էր, այդ իսկ պատճառով տներում հանդիպող սրբապատկերները ձևական բնույթ էին կրում և չունեին մեծ իմաստ: Սակայն, բնականաբար, հավատացյալներ դեռ կային: Ստալինն իր ժամանակներում անգամ թուլացրեց եկեղեցու վրա գործադրվող ճնշումները:

Երեկոյի այդ պահին աթեիստները սկսեցին Զոյային համոզել, որ նման բան անել չի կարելի, և նման կատակները ծիծաղելի չեն: Սակայն աղջիկը ոչ ոքի չլսեց և շարունակեց խրախճանքը: Որոշ աղբյուրներ հայտնում են, որ այդ պահին հարվածել է կայծակը, և Զոյան անշարժ կանգնած է մնացել սենյակի կենտրոնում՝ սրբապատկերը ձեռքին:

Շտապօգնություն կանչեցին, փորձեցին աղջկան նստեցնել կամ պառկեցնել, սակայն չկարողացան: Իսկ ո՞րն էր չկարողանալու պատճառը՝ մինչ օրս ճշգրտությամբ հայտնի չէ:

Շշուկները քաղաքում արագ տարածվեցին: Ոստիկանները ստիպված եղան տունը շրջափակել: Բոլոնկինայի բնակարան սկսեցին գալ միայն ուխտավորները: Քաղաքի կոմունիստները որոշեցին հերքել քարացած Զոյայի մասին լուրերը՝ տեղական թերթերում դրա մասին գրելով:

Ասում են՝ գիշերներն այն սենյակից, որտեղ կանգնած է եղել Զոյան, բղավոցներ են լսվել: Ասում են նաև, որ շրջափակած ոստիկաններից մեկի՝ 26-ամյա մի երիտասարդի մազերը մեկ գիշերվա ընթացքում ամբողջությամբ սպիտակել են:

Զոյան 128 օր շարունակ քարացած մնաց, սակայն Սուրբ Զատիկից 3 օր անց մահացավ: Թե ինչ է իրականում կատարվել 1955 թվականին, ոչ ոք չի կարողացել բացահայտել մինչ օրս: Այնուամենայնիվ, կոմունիստներն անհիմն չէին վախենա այս պատմությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել