Հենրի Ֆորդը հայտնի է նրանով, որ ամերիկյան ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում առանձին «դարաշրջան» է կերտել: Նա ԱՄՆ-ում իր նորարարությունների համար ստացել է 161 արտոնագիր, իսկ Ford-ի գործարանները մինչ օրս աշխատում են ողջ աշխարհում: Գործարարը մշտապես ցանկացել է ավտոմեքենա ստեղծել, որը հասանելի կլիներ ոչ միայն հարուստներին, այլ յուրաքանչյուր ցանկացող մարդու: Այդ իսկ պատճառով Ford ապրանքանիշի ավտոմեքենաները մշտապես եղել են և՛ որակյալ, և՛ հասանելի:

Սակայն այնքան էլ ճիշտ չէ պարոն Ֆորդին համարել ողջ արդյունաբերության հիմնադիր։ Նա ինքը բազմաթիվ անգամներ ասել է, որ ամենակարևոր բանն այն է, որ իր կողքին եղել է կինը։ Եվ սրանք ամենևին էլ դատարկ խոսքեր չեն։

Հենրի Ֆորդը ծնվել է հասարակ ֆերմերի ընտանիքում, սակայն մշտապես հետաքրքրվել է տարատեսակ մեխանիզմներով, ինչով էլ գրավել է ապագա կնոջ՝ Կլարայի ուշադրությունը։ Դեռ նրանց առաջին հանդիպման ժամանակ, երբ Հենրին աղջկան մեծ ոգևորությամբ պատմում էր, որ ինքնուրույն ժամացույց է կարողացել հավաքել, Կլարան մտածում էր, որ այդ տղայից հրաշալի ամուսին կստացվի։

Նրանք ամուսնացան, և չկար մի օր, որ Կլարան կասկածեր ամուսնու ուժերին ու տաղանդին: Եվ դա 19-րդ դարում էր՝ այն ժամանակ, երբ մարդիկ տեղաշարժվում էին ձիերին ամրացված կառքերի օգնությամբ: Բոլորը Հենրիին հիմարի տեղ էին դնում և փորձում համոզել, որ նրա անմիտ երազանքը՝ շարժիչ ստեղծելը, անիրականանալի է։ Անգամ հարազատ հայրը սկեպտիկորեն էր վերաբերվում մտքին։ Եվ միայն Կլարան էր և՛ հավատում, և՛ հնարավորությունների չափով օգնում ամուսնուն:

Երեք տարի շարունակ ամեն երեկո Կլարան բռնում էր լամպը, որպեսզի Հենրին կարողանա շարժիչ հավաքել։ Նրանք դա անում էին ցուրտ ու խոնավ ավտոտնակում, ինչի հետևանքով էլ Կլարան պարբերաբար հիվանդանում էր։ Սակայն նպատակասլաց ամուսիններն աշխատում էին օր ու գիշեր։ Երբ ամեն ինչ պատրաստ էր, նրանք որոշեցին փորձարկել իրենց մեքենան, սակայն չկարողացան ավտոտնակի դարպասներից դուրս գալ: Այդժամ Կլարան վերցրեց քլունգն ու կոտրեց դարպասներն ու պատերը։ Հարևանները հավաքվեցին տարօրինակ աղմուկի պատճառով. աղմուկն աշխատող շարժիչինն էր։ Բոլորն ապշած էին, քանի որ ոչ մի վայրկյան անգամ չեն մտածել, որ Հենրին կկարողանա իրագործել իր երազանքը։

Կլարան ու Հենրին միասին հիմնեցին երկու ընկերություն, որոնք, այնուամենայնիվ, սնանկացան։ Եվ միայն երրորդ փորձից կարողացան կանգնել ոտքերի վրա. նորաստեղծ ընկերությունը կոչեցին Ford Motor company։ Կլարան արտասովոր, խելացի ու հեռատես կին էր: Երբ Հենրիին հարցրին, թե ով կուզեր լինել հաջորդ կյանքում, նա պատասխանեց, որ իր համար միևնույն է. կարևոր է այն, որ կինը կողքին լինի նաև հաջորդ կյանքում:

Ողջ կյանքի ընթացքում Հենրին նոր գյուտեր է արել, որոնք ուրախությամբ կիրառվել են ԱՄՆ-ում, իսկ կողքին միշտ եղել է Կլարան, ով երբևէ չի կասկածել ամուսնու ուժերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել