Մերսեդես Ելինեկն այն աղջիկն էր, ում անունով կոչեցին հանրահայտ ավտոմեքենան: Սակայն Մերսեդեսը երբեք չի հետաքրքրվել ավտոմեքենաներով:

Ադրիանա Մանուելա Ռամոնա Ելինեկը ծնվել է 1889 թ. Ավստրիայի հրեական ընտանիքներից մեկում։ Նրան հարազատներն անվանում էին Մերսեդես, ինչը իսպաներենից թարգմանաբար նշանակում է «գթություն, բարեգործություն», իսկ լատիներենից թարգմանաբար՝ «շնորհ»։ Ադրիանայի մայրն ապրել է Մարոկկոյի հրեական համայնքում, որի հարևանությամբ իսպանական համայնքն էր գտնվում: Հենց այդտեղի բնակիչներից էլ մայրը լսել է մերսեդես բառը և շատ հավանել: Մանկուց Ադրիանան հետաքրքրվել է երաժշտությամբ ու երգեցողությամբ, միաժամանակ որևէ հետաքրքրություն չի ցուցաբերել ավտոմեքենաների նկատմամբ՝ ի տարբերություն իր հոր։

Էմիլ Ելինեկը Վիեննայում հայտնի գործարար ու դիվանագետ էր։ 1890-ականներին բախտի բերմամբ նա հանդիպեց ինժեներ ու արդյունաբերող Գոթլիբ Դայմլերին և ավտոկոնստրուկտոր Վիլհելմ Մայբախին։ Ելինեկը հասկացավ, որ Դայմլերի ու Մայբախի նախագծած ինքնատեղաշարժվող սայլակներից մեծ եկամուտ է հնարավոր ստանալ։ Նրան հաջողվեց արագ կազմակերպել այդ ավտոմեքենաների վաճառքը Նիցցայում։

Այսպես, Ելինեկը դարձավ Ֆրանսիայում ավտոմոբիլային «Դայմլեր» ընկերության ներկայացուցիչը: 1899 թ. նա որոշեց մասնակցել մրցաշարի այդ մեքենաներից մեկով։ Լինելով Ավստրո-Հունգարիայի կոնսուլը՝ Ելինեկը անանուն հանդես եկավ՝ «պարոն Մերսեդես» կեղծանվամբ: Այդ եղանակով նա ոչ միայն փորձարկեց մեքենան, այլև հրաշալի մարքեթինգային քայլ կատարեց. Ֆրանսիայում սկսեցին հետաքրքրվել Դայմլերի մեքենաներով։ Այդ «գովազդային արշավից» հետո Ելինեկը Դայմլերին առաջարկեց շահավետ գործարք կնքել. նա Դայմլերից 36 ավտոմեքենա պատվիրեց, որն այդ ժամանակներում շատ խոշոր պատվեր էր համարվում, և միաժամանակ պայման դրեց. ավտոմեքենաները պետք է վաճառվեին բացառապես «Մերսեդես» անվան տակ, իսկ առևտրային ներկայացուցիչը Ավստրո-Հունգարիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում պետք է լիներ ինքը՝ Էմիլ Ելինեկը: Գործարքը կնքվեց և լավ դիվիդենտներ բերեց երկու կողմին։

Դայմլերի ավտոմեքենաները լավ էին վաճառվում, և չնայած այն բանին, որ շատ գնորդների հայտնի էր դրանք արտադրող ընկերության անունը, ավտոմեքենաները սկսեցին անվանել բացառապես «Մերսեդես»: 1902 թ. բաժնետերերի խորհրդի որոշմամբ ավտոմեքենան պաշտոնապես ստացավ «Դայմլեր-Մերսեդես» անվանումը։ Նույն տարում արտոնագիր ստացավ «Մերսեդես» ապրանքային նշանը, ինչպես նաև ցուցադրություն կազմակերպվեց Փարիզում, որտեղ ավտոմեքենայի կողքին կախված էր Էմիլի դստեր հսկայական դիմանկարը: 1926 թ.՝ երկու ավտոմոբիլային ընկերությունների բաժանումից հետո, ավտոմեքենան սկսեցին անվանել «Մերսեդես-Բենց»։

Իսկ ինչո՞վ էր այս ողջ ընթացքում զբաղվում աղջնակը, ում անունով կոչվեց մեքենան։ Երբ Ադրիանան 4 տարեկան էր, նրա մայրը մահացավ, և հայրը երեխաների հետ միասին տեղափոխվեց Նիցցա։ Ավելի ուշ Մերսեդեսը վերադարձավ Ավստրիա, որտեղ շարունակեց զբաղվել երաժշտությամբ և վոկալով: Ըստ ժամանակակիցների՝ նա շատ լավ էր երգում։ Իր անունով կոչված ավտոմեքենաների ճակատագիրը նրան շատ քիչ էր հետաքրքրում: 1909 թ. Մերսեդեսն ամուսնացավ բարոն Կառլ ֆոն Շլոսերի հետ, սակայն որոշ ժամանակ անց աղմուկով ամուսնալուծվեց, քանի որ ցանկանում էր կյանքը շարունակել աղքատ քանդակագործի հետ: 39 տարեկանում Ադրիանան վաղ մահացավ տուբերկոլյուզից։

Դեռ 1903 թ. նրա հայրը «Մերսեդես» անվանումը միացրել էր ընտանիքի ազգանվանը և պաշտոնակես կոչվել Ելինեկ-Մերսեդես: Առաջին աշխարհամարտի ժամանակ Ելինեկն ու երկրորդ կինը ֆրանսիական իշխանությունների կողմից մեղադրվեցին լրտեսության մեջ, և նրանց գույքն առգրավվեցին։ Ադրիանան, ըստ էության, չանելով ոչինչ, դարձավ ավտոմոբիլիստների շրջանում ամենահայտնի կանանցից մեկը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել