A1plus.am-ը գրում է.

10-ամյա Անաիդան իր հույզերն ու զգացմունքները վրձնով է արտահայտում։ Խոսելիս ավելի զուսպ է։ Անաիդայի և նրա 9-ամյա քրոջ՝ Լիանայի երեւակայության թռիչքին չեն խանգարում մեկ սենյականոց տան խոնավ ու կիսաքանդ պատերը։ Կոնդում գտնվող կիսավեր այս տունը նրանց ընտանիքի սեփականությունը չէ, ու երեխաների ցանկությունները սկսվում են հենց այդտեղից։

«Երազում եմ, որ տուն ունենանք ու տնից-տուն չտեղափոխվենք»-իր երազանքների մասին խոսելիս ասաց 9-ամյա Լիանան։

Վերջին վեց տարվա ընթացքում ժամանակ առ ժամանակ լրագրողների ուշադրությանն արժանացած այս ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանները շարունակում են անմխիթար մնալ։ 2007թ. երիտասարդ մորը կորցրած աղջիկները տատիկի և հոր խնամքի տակ են։ Նրանց հայրը՝ Մակար Միրզոյանը, ազատամարտիկ է,ով 1991թ-ին Վրաստանում թողնելով իր տունը՝ եկել է կամավոր մասնակցելու արցախյան ազատամարտին։ Ազատամարտիկն աշխատանք չունի։

Վարձով բնակվող ընտանիքն արդեն երեք տարի է անապահովության նպաստ չի ստանում. «Ասացին, որ ձեր բալերը հերիքում է, որդիդ աշխատունակ է, թող աշխատի իրա երեխեքին պահի»,-նշեց Անիտա Միրզոյանը։

Ընտանիքի ամսեկան եկամուտը 42000 դրամ է, որի մի մասը՝ խնամակալության թոշակն է, իսկ մյուս մասը՝ 28 հազար դրամը, որպես ծնողազուրկ երեխաների հատկացվող նպաստն է։ Սակայն վերջին երկու ամիսներին նրանք այդ գումարը չեն ստացել։

Սոցիալական ապահովության պետական ծառայությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ համակարգային խնդիրներն եղել են ուշացման պատճառը։ Դրանք արդեն լուծված են, եւ գումարը փոխանցվել է արդեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել