Բաց խոսելու ժամանակն է: Հարավային Կովկասում ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը Հայաստանի ու Արցախի ֆիզիկական անվտանգության միակ, կրկնում եմ` միակ երաշխիքն է: Այլընտրանքը թուրքերի մուտքն է տարածաշրջան` այստեղից բխող բոլոր հետևանքներով: Միայն բացարձակ ապուշը չի հասկանում, որ տարածաշրջանում ռուսական ներկայության այլընտրանքը թուրքական ներկայությունն է` նոր հայոց ցեղասպանության երաշխավորված հեռանկարով: Որովհետև թուրքական ստրատեգիական ծրագրերի մեջ Հայաստանը ոչ ավել է, քան 1918թ.-ի Բաթումի պայմանագրով նախատեսվածը` 10.000 ք/կմ` առանց Արցախի ու Զանգեզուրի: Սա էլ նրա համար, որ թուրքերին չմեղադրեն, թե աշխարհի քաղաքական քարտեզից վերացրել են Հայաստանը: Մի քաղաք-պետության չափ տարածք` աշխարհի աչքերում պարզերես լինելու համար: Ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը չի նշանակում, որ ինչ արվում է, հայերի «սիրուն աչքերի համար է արվում»: Ոչ, ռուսներն ունեն իրենց շահերը: Եվ ինչքան իրենք են մեզ այստեղ պետք, այդքան էլ մենք ենք իրենց այստեղ պետք:
Երբ խոսքը պետության և ազգի ճակատագրի մասին է, առնվազն շանտղություն է «փաստարկներ» բերելը, թե սա կամ նա խաղում է ժողովրդի հույզերի և վախերի հետ ու ցեղասպանությամբ է վախեցնում: Ընդամենը 100 տարի առաջ բնաջնջված ու հայրենազրկված ժողովուրդն իրավունք չունի իր բախտը հանձնելու արտասահմանյան գործակալական ցանցի ձեռքը, որոնց միակ նպատակն իրենց տերերի աշխարհաքաղաքական շահերը սպասարկելն է: Իսկ այդ շահերը անզեն աչքերով էլ տեսանելի են` Ռուսաստանի հեռացում տարածաշրջանից: Իսկ թե դրանից հետո ինչ կլինի հայերի հետ, Քիպլինգի ասած՝ «մեծ խաղի» խաղադրույքների համատեքստում էական չէ, կարևորը` ռուսները չլինեն այս տարածաշրջանում, որպեսզի միջինասիական էներգոռեսուրսները Արևմուտք հոսեն այն պետություն-կորպորացիաների խողովակներով, որոնք ուզում են ռուսներին տարածաշրջանից դուրս մղել: Ու իրենք չեն պատրաստվում զորախմբով տարածաշրջան մտնել, իրենք տարածաշրջանը «հավատարմագրային կառավարման են հանձնելու» Թուրքիային: Սա է աշխարհաքաղաքական խաղի տրամաբանությունը, սա է ողջ ճշմարտությունը: Եվ այս գործի վրա միլիոնավոր դոլարներ են ծախսվել ու ծախսվում: Այդ փողերով կոնկրետ մարդկանց շրջանակ է աճեցվել ու դաստիարակվել, ու հիմա դրանք վխտում են կառավարության ու պառլամենտի կաբինետներում:
Որպեսզի վտանգի աստիճանն ավելի հասկանալի լինի, պետք է ուշադրություն դարձնել մի շատ կարևոր հանգամանքի վրա. Հարավային Կովկասում ավելի շատ ադրբեջանցի է ապրում, քան հայ և վրացի միասին վերցրած: Պատկերացնու՞մ եք` ի՞նչ է լինելու մեր վիճակը, երբ տարածաշրջանում աշխարհաքաղաքական դոմինանտ օպերատոր լինի Թուրքիան` բնականաբար ենթաօպերատորի գործառույթները հանձնելով Ադրբեջանին: Առաջինը մենք ենք գնալու «կոմբայնի բերան», իսկ վրացիները կմնան «դեսերտի համար»: Եվ բավական է արդեն ճռճռան բառեր օգտագործել ու ինքիշխանություն հասկացությունը բառի բուն իմաստով չարաշահել: Եթե ունես թշնամական Թուրքիա, որի սահմանը պահելու համար չունես ոչ ռազմական, ոչ էլ տնտեսական համադրելի պոտենցիալ, ու այդ գործը քո փոխարեն պետք է անի համադրելի ռազմական պոտենցիալ ունեցող քեզ դաշնակից ինչ-որ մեկը, ապա ինքնիշխանությունը բացարձականացնելն ուղղակի ծիծաղելի է: Ինքնիշխա՞ն ես, ինքնիշխանությունդ պատեհ-անպատեհ առիթով սրա-նրա աչքն ես մտցնու՞մ, ուրեմն գնա ու ինքդ ֆիզիկական անվտանգությունդ ապահովիր աշխարհի ամենագիշատիչ պետություններից մեկից` Թուրքիայից:
Ու չի կարելի մարդկանց ականջներին լափշա կախել` ասելով, թե «իսկ ո՞վ է ասում, որ Թուրքիան պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա»: Իսկ ո՞վ կամ ինչը՞ խանգարեց, որ Թուրքիան, թքած ունենալով միջազգային իրավունքի վրա, ներխուժի Կիպրոս, ներխուժի Իրաք, ներխուժի Սիրիա, հիմա՝ արդեն Լիբիա: Իսկ գիտե՞ք, թե տարեկան թուրքական ռազմական ավիացիան քանի անգամ ու ինչ ծավալի մարտական բեռով է խախտում ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի օդային սահմանները: Իսկ մեր օդային սահմաններն ինչու՞ չեն խախտում: Միայն չասեք, թե Հայաստանի ինքնիշխանությունն են հարգում կամ, ասենք, հայկական ավիացիայից ու ՀՕՊ համակարգերից են վախենում: Չեն խախտում, որովհետև մեր երկրում ռուսական ռազմական խմբավորում է կանգնած: Ցավոք, Հայաստանի ներկայիս ռեժիմն իր բնույթով հակառուս է: Այս մարդկանց տարիներով ռուսաֆոբիայով են ծրագրավորել, և իրենք չեն կարող ու չեն հրաժարվելու ռուսաֆոբիայի ծրագրային «սոֆթից»: Ու թեկուզ վախենում են, թեկուզ վախվորած քայլերով են «առաջ գնում», բայց ակնհայտ է` հակառուսականության միջավայրից պետական ապարատ տեղափոխվածները խնդիր ունեն լուծելու ու քայլ առ քայլ արժեզրկում են հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը:
ՀԱՊԿ վարկաբեկումից մինչև արտասահմանյան գործակալներով պետական ապարատը ողողել ու ռուսական զենքի բառիգությամբ զբաղվել, ամենակեղտոտ կոնվենցիաները վավերացնելու պատրաստակամությունից ու ռուսական ձեռնարկությունների վրա հարկային մարմիններով գրոհից մինչև 102-րդ ռազմաբազայի վերացման քննարկում... Սրանք այն ձնծաղիկներն են, որ այս ռեժիմն արել է: Ու քանի դեռ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի ռեժիմին չեն վստահում, ամեն բան միայն դեպի վատն է գնալու: Իսկ չեն վստահում, որովհետև անվստահելի է մարդը, ով ռուս պաշտոնյաների առաջ հրապարակավ «բալալայկա է նվագում», բայց իշխանության գալուց առաջ 2016-ի ապրիլյան պատերազմի համար պաշտոնական Մոսկվային էր մեղադրում, իշխանության գալուց առաջ տարիներով «արածում էր» սորոսական անդաստաններում, իշխանության գալուց մեկ ամիս առաջ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս էր հանում, իշխանության գալուց անմիջապես հետո վարկաբեկեց ՀԱՊԿ-ը, իշխանության գալուց հետո հարկային տեռոր սկսեց ռուսական ձեռնարկությունների դեմ, իշխանության գալուց հետո քոքված ռուսաֆոբների բանդային պետական ապարատում տեղավորեց...
Ձեզ վրա վերցրեք, Դուք կվստահեի՞ք Նիկոլ Փաշինյանի ռեժիմին, խոսքերի՞ն կհավատայիք, թե՞ գործերին: Հետևությունը մեկն է. այս ռեժիմի օրոք հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքն օրեցօր դեպի զրոյական վիճակի է ձգտելու` տարածաշրջանի դռները բացելով Թուրքիայի առաջ` հայոց նոր ցեղասպանության երաշխավորված հեռանկարով: Ուստի օր առաջ Նիկոլ Փաշինյանին իր գործակալան բանդայով հանդերձ պատմության գիրկն ուղարկել է պետք, օր առաջ այս ռեժիմը դեմոնտաժ անել է պետք: Ամեն օրը վնաս է, ամեն օրը ֆիզիկական անվտանգության խնդիր է առաջացնում: